Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի». 1915-ի այս օրն է ծնվել Հովհաննես Շիրազը

13:35, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
«Շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի». 1915-ի այս օրն է ծնվել Հովհաննես Շիրազը

«Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»,- այսպես է բանաստեղծի անունը Շիրազ մկրտել թատերագիր և վիպասան Ատրպետը:
     Հովհաննես Շիրազը 20-րդ դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա նորովի է ներկայացրել հայրենիքը, բնությունը, մայրական սերը և այլ թեմաներ: Շիրազի մասին Ավետիք Իսահակյանն ասել է. «Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է»։
     Հինգ տարեկանում Շիրազը զրկվել է հորից և մանկության օրերն անցկացրել որբանոցում: Սակայն, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչել է` դառնալով անապաստան և կուլայով ջուր է վաճառել:
     Իր մանկության օրերի մասին Շիրազը շատ բանաստեղծություններ է գրել. «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», «Վեց տարեկան մանուկ էի» և այլն: 1935-ին լույս է տեսել նրա «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, այնուհետև` «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը:
     «Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում՝ մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն»,- ասել է Ռազմիկ Դավոյանը։
     Շիրազի ստեղծագործությունների գլուխգործոցն է համարվում «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը` Հայոց ցեղասպանության մասին, որն արգելված էր Խորհրդային Միությունում:
     Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին, իսկ պոեմն ամբողջությամբ լույս է տեսել 1990-ին։
     Մեծ բանաստեղծն իր կենդանության օրոք ենթարկվել է հալածանքների ու զրպարտանքների: Երկար տարիներ չէին տպագրում նրա նոր գործերը՝ համարելով դրանք նացիոնալիստական, կամ տպագրում էին գրքերը` կոպիտ խմբագրումներով ու կրճատումներով:
     Շիրազը թողել է գրական հարուստ ժառանգություն: Նրա քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն):
     Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։

5042 | 0
Facebook