Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ուսումնասիրմամբ՝ այլ երկրներում տրանսպորտի սակագները ոչ միայն ավելի բարձր չեն, այլև ավելի ցածր են

11:05, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ուսումնասիրմամբ՝ այլ երկրներում տրանսպորտի սակագները ոչ միայն ավելի բարձր չեն, այլև ավելի ցածր են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, անդրադառնալով Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի` ապրիլի 21-ին Ազատություն ռադիոկայանի եթերում ներկայացրած իրենց կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքներին, գրել է.
     «Անդրադառնալով երևանցիների համար թերևս ամենացավոտ` տրանսպորտի խնդրին` Սուքիասյանը, մասնավորապես ասել է, որ աշխարհում գրեթե չկա մի մայրաքաղաք, որտեղ տրանսպորտը կարժենա 100 դրամ (20 ցենտ): Սուքիասյանը փաստացի կրկնել է իր գործընկերների այն միտքը, որ այսօրվա տրանսպորտի որակը ուղիղ համեմատական է նրա սակագնին` «որքան վճարում եք, այդքան էլ ստանում եք»:
     Մենք ուսումնասիրեցինք համադրելի երկրների մայրաքաղաքներում տրանսպորտի գործող սակագները, որոնք ոչ միայն ավելի բարձր չեն, այլև որոշ դեպքերում ավելի ցածր են Սուքիասյանի նշած 20 ցենտից:
     Այսպիսով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հասարակական տրանսպորտի սակագինը (ավտոբուսների ու մետրոյի) կազմում է 50 թեթրի (100 դրամ կամ 21 դոլարային ցենտ): Ընդ որում, Վրաստանում բոլոր միկրոավտոբուսներն ունեն օդորակիչներ, իսկ տրանսպորտի մեծ մասը կազմված է նոր ավտոբուսներից:
     Երևանից բավականին ավելի բարձր միջին եկամուտ և գրեթե 3 միլիոն բնակիչ ունեցող Կիևում ավտոբուսի սակագինը սկսվում է 4 հրիվնայից (75 դրամ կամ 15 ցենտ): Նույնքան արժի 52 կայարանից ու 3 գծերից բաղկացած Կիևի մետրոպոլիտենի տոմսի գինը (Երևանի մետրոպոլիտենը 5 անգամ ավելի փոքր է):
     Երևանից տասնյակ անգամներ ավելի մեծ ու էականորեն ավելի հարսուստ Մոսկվայի բնակիչները օգտվում են տրոնսպորտի աբոնենտային համակարգից: Ռուսաստանի մայրաքաղաքում ամսական 60 անգամ երթևեկելու համար նախատեսված քարտ գնելու պարագայում մեկ ուղևորափոխադրման արժեքը կազմում է 13,3 ռուբլի (110 դրամ կամ 22 ցենտ):
     Իսկ ահա Բաքվի հասարակական տրանսպորտի սակագինը մոտ 2 անգամ ավելի էժան է Երևանից՝ 0,2 մանաթ (55 դրամ կամ 11 ցենտ): Համարյա նույնքան են նաև Կիշենյովի բնակիչները վճարում ավտոբուսով երթևեկելու համար՝ 3 լեյ (70 դրամ կամ 14 ցենտ):
     Այսպիսով, ի հեճուկս Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի պնդումների, Երևանում տրանսպորտի սակագինը էժան չէ, իսկ որոշ քաղաքների համեմատ նույնիսկ ավելի թանկ է: Ավելին, թվարկված քաղաքներում, մեղմ ասած, շատ դժվար է գտնել քաղաքի կենտրոնում միկրոավտոբուսների մեջ խցկված քաղաքացիների»:

2174 | 0
Facebook