Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ-ն հետաքննություն կսկսի Ադրբեջանի կողմից իր անդամներին կաշառելու կապակցությամբ

16:00, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
ԵԽԽՎ-ն հետաքննություն կսկսի Ադրբեջանի կողմից իր անդամներին կաշառելու կապակցությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր կնշանակի երեք անկախ փորձագետի այդ կառույցի որոշ անդամների նկատմամբ կաշառակերության մեղադրանքների հետաքննության համար: Նշենք, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կասկածվում են Ադրբեջանի իշխանություններից խոշոր գումարներ ստանալու համար:

Այդ որոշումը պետք է հաստատվի այսօր` վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

«Caviargate» անվանումով հայտնի սկանդալն առաջացել է ԶԼՄ-ների հաղորդագրությունների առնչությամբ, որոնցում ասվում էր, որ 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ ներկա անդամներ և նախկին անդամներից ոմանք կաշառվել են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին դեմ քվեարկելու համար:

Արդյունքում՝ զեկույցը տապալվել է, իսկ որոշ խորհրդարանականներ դրա դիմաց արտոնություններ և գումարներ են ստացել, որոնց ծագումը պարզ չէ: Խոսքը գումարների, թանկարժեք գորգերի, շքեղ հյուրանոցներում կացությամբ Բաքու անվճար ուղևորությունների մասին է:

Հունվարին ԵԽԽՎ ավելի քան 60 պատգամավոր պահանջել է այդ հարցի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել: Transparency International կազմակերպությունը նույնպես դիմել է Եվրոպայի խորհրդին՝ պահանջելով հետաքննել այդ մեղադրանքները:

Առաջիկայում Իտալիայում դատարանի առաջ է կանգնելու ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն, ով 2,9 միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներից:

ԵԽԽՎ հետաքննության հարցերով առաքելությունը կարող է պահանջել նաև ուշադրությունը ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտի դերակատարության վրա կենտրոնացնել. նա կարող է ստիպված լինել հրաժարական տալ Սիրիա այցի և Դամասկոսում Բաշար Ասադի հետ հանդիպման համար:

«Կայունության եվրոպական նախաձեռնություն» գերմանական կազմակերպության տվյալներով՝ Ագրամունտը հետևողականորեն պաշտպանել է Բաքվի ռեժիմին Ադրբեջանում ընտրությունների ժամանակ: Հենց Ագրամունտն է երկար ժամանակ խոչընդոտում «Caviargate» սկանդալի հետ կապված հետաքննությունների անցկացմանը:

4788 | 0
Facebook