Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայությանը

18:30, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 24-ի առիթով հատուկ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայությանը:
     Նամակն ընթերցվել է Պոլսո հայոց պատրիարքարանում՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Էրդողանն այս անգամ ևս Հայոց ցեղասպանությունը որակել է որպես Առաջին համաշխարհայինի տարիներին տեղի ունեցած ցավալի իրադարձություններ:

«Իմ շատ թանկագին հայազգի քաղաքացիներ, սիրով ու հարգանքով ողջունում եմ ձեզ: Առաջին համաշխարհայինի ծանր տարիներին կյանքը կորցրած հայերի հիշատակը հարգում, իսկ նրանց թոռնիկներին հայտնում եմ իմ ցավակցությունը: Որպես այս տարածքի երկու հնագույն ժողովուրդներ` հայերն ու թուրքերը հազարամյակներ ապրել են միասին, կիսել միմյանց հետ պատմություն ու մշակույթ:

Հայ համայնքը թե՛ Օսմանյան կայսրության տարիներին, թե՛ հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում այս երկրին տվել է բազմաթիվ թանկագին զավակներ, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել մեր երկրի զարգացման գործում: Այսօր էլ, ինչպես երեկ, մեր հայ քաղաքացիները շարունակում են իրենց կարևոր դերը ստանձնել մեր երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում», - նշել է Էրդողանը: Նա հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն ակտիվ աշխատանքներ են տանելու Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցում:

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների ընթացքի մեկնարկը կտրվի մոտ ապագայում և հաջողություն մաղթել պատրիարքարանի աշխատակիցներին իրենց այդ գործում:

7927 | 0
Facebook