Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Իսպանիայի Առնեդո քաղաքում

18:25, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Իսպանիայի Առնեդո քաղաքում

Ապրիլի 22-ին Իսպանիայի Առնեդո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, խաչքարը տեղադրվել է քաղաքի կենտրոնական «Santo Tomás» եկեղեցու բակում: Պաշտոնական արարողությանը մասնակցել են Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Առնեդոյի քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Առնեդոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, ինչպես նաև մյուս բանախոսները կարևորել են հայկական խաչքարի տեղադրումն Առնեդոյում՝ ընդգծելով դրա խորհուրդը, գեղագիտական արժեքը, հայ-իսպանական բարեկամության ևս մեկ օրինակ հանդիսանալը:

Դեսպան Ադոնցն իր խոսքում նշել է, որ այս հուշարձանը, նվիրված լինելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները: Դեսպանը նաև անդրադարձավ հայ համայնքի դերին՝ որպես կամուրջ հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

2589 | 0
Facebook