Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ցեղասպանության հայ դավաճանները, որոնց ոչնչացրել են հայ վրիժառուները

00:05, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Ցեղասպանության հայ դավաճանները, որոնց ոչնչացրել են հայ վրիժառուները
     Այն, որ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար և մեծ վեզիր, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին, հայտնի է գրեթե ամեն մի հայի: Սակայն քչերը գիտեն, որ Թալեաթին, «Նեմեսիս»-ի որոշման համաձայն վերացնելուց դեռ 1 տարի առաջ՝ 1920 թվականին, Թեհլերյանը Կոստանդնուպոլսում վերջ է տվել հայ դավաճան Հարություն Մկրտչյանի կյանքին: Վերջինը օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավարն է եղել, Թալեաթի գործակալն, ում հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել էր հայ մտավորականության 600 ներկայացուցիչ:
     Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում թաթախված են եղել նաև այլ դավաճանների անուններ, որոնցից ևս 2-ը ոչնչացվել են «Նեմեսիս»-ի անդամների ձեռքով:
     Այսպես, դարձյալ 1920 թվականի մարտի 27-ին 20-ամյա Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։ «Իթթիհատականները անփառունակ պարտություն էին կրել, բայց Վահե Իհսանը առաջվա պես ամբարտավան ու ինքնահավան էր մնացել և արդեն քեմալական կառավարությանն էր ծառայում։ Նա զգում էր, որ իրեն հետապնդում են, զգուշավոր էր դարձել, մատը միշտ գրպանում, ատրճանակի ձգանին էր պահում... Գնդակը կոկորդը խոցեց։ Իհսանը փորձեց ատրճանակը հանել, երկրորդ գնդակը խրվեց թևը։ Զգալով, որ չի կարողանալու դիմադրել, շրջվեց, սկսեց փախչել։ Արշավիրը մի ցատկով հասավ հետևից, կրակեց գլխին, կրծքին, կռնակին և հևասպառ ասաց.
     -Ես միայն քեզ չէ, մեր ազգի միջից դավաճանությունն ու ծառայամտությունն եմ ուզում սպանել»,- այսպես է նկարագրվում դավաճանի սպանությունը:
     Միևնույն 1920 թվականին և դարձյալ Կոստանդնուպոլսում ոչնչացվել է նաև մեկ այլ հայ դավաճան՝ Արշավիր (Արթուր) Յասյանը: 1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Արշավիր (Արթուր) Յասյանը դավաճանել է հայերին, և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվել են։ Նրա դատավճիռն իրագործել է Արշակ Եզդանյանը:
18764 | 2
Facebook