Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոսելով Հայաստանի ներքին խնդիրներից, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանը չի գնում ճիշտ ճանապարհով, ինչի հետևանքով ժողովուրդը հայտնվել է ողբերգական վիճակում: «Այս օրն այն օրն է, երբ պետք է ամփոփես և նախագծես: Մենք ունենք մեր ազգության արդար վճռի պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն և եթե մեր սերունդները չեն ճանաչելու Ցեղասպանությունը, ուրեմն չենք կարողացել ճանաչել տալ»: Ա. Մանուկյանի կարծիքով, կա միայն մի լուծում` կերտել ուժեղ Հայաստան, որը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր: «Դու պիտի լինես ուժեղ, պիտի լինես կայացած, որպեսզի ուրիշներին ստիպես, պահանջես, խնդրես, հորդորես ճանաչել քո արդար դատը: Մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ճանապարհով: Այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք այսօր, ուղղակի ողբերգական է»:
ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ 10 տարի առաջ այս ճանապարհը` կամրջից մինչև անմար կրակի շուրջը, իրենք անցնում էինք 2-2,5 ժամում, այսօր` 25 րոպեում, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանում մարդ չի մնացել: «Հայաստանից տարեկան միջինն արտագաղթում է 50 հազար մարդ: Դա իսկական ցեղասպանություն է: Մինչ ես ձեզ հետ խոսում եմ, Հայաստանը լքում է 150 մարդ: Եվ այսկերպ դաս քաղել այդ ցեղասպանությունից, հնարավոր չէ»,- եզրափակեց նա: