Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղաժամ հասունության պատճառ կարող են լինել սննդի մեջ առկա քիմիական տարրերի պարունակումը». Վրեժ Շահրամանյան

15:05, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
«Վաղաժամ հասունության պատճառ կարող են լինել սննդի մեջ առկա քիմիական տարրերի պարունակումը». Վրեժ Շահրամանյան

Վաղաժամ սեռական զարգացումը դրսևորվում է սեռական հասունացման հատկանիշների վաղ ձևավորմամբ: Վաղաժամ են համարվում այն դեպքերը, երբ սեռական հասունության նշաններն ի հայտ են գալիս տղաների մոտ մինչև 10, աղջիկների մոտ` մինչև 8 տարեկանը: Վաղաժամ զարգացման պատճառ կարող են հանդիսանալ ժառանգական գործոնները, ուղեղի ուռուցքային հիվանդությունները, ուղեղի ծննդաբերական վնասվածքները, ինչպես նաև ինֆեկցիոն-տոքսիկ ազդակները: Վաղաժամ հասունությունը կանխել հնարավոր է, եթե ժամանակին դիմեք բժշկի միջամտությանը: Առանց բժշկի ցուցման որևէ դեղորայք օգտագործել չի թուլատրվում:
     MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում վաղաժամ հասունության առաջացման պատճառների ու կանխարգելման մասին պարզաբանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: «Վաղաժամ սեռական զարգացումը կարող է պայմանավորված լինել սոմատոգեն, փսիխոգեն և սոցիոգեն գործոններով: Սոմատոգեն գործոններից է բնածին կամ վաղ մանկական հասակում ուղեղի համապատասխան կառույցների ախտահարումը, որը բերում է գենիտալ ռեակցիաների համար պատասխանատու նյարդային վերջույթների գրգռականության շեմի իջեցմանը: Վերջինս նպաստում է հոգեկան և սոցիալ գործոնների նկատմամբ զգայունության բարձրացմանը:
     Փսիխոգեն գործոններից առավել մեծ նշանակություն ունեն կորիզային փսիխոպաթիաները (էպիլեպտոիդ) և էնդոգեն հոգեկան խանգարումները (շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), որոնց ժամանակ հոգեկան զարգացման առանձնահատկությունները բերում են վաղ տարիքում սեռական ոլորտի հանդեպ հետաքրքրվածության:
     Սոցիոգեն սեռական հասունացմանը կարող են հանգեցնել դեռահասների և մեծահասակների կողմից երեխաների սեռական պղծումը և այլասերումը: Դեռահասները սեռական ոտնձգության նպատակին հասնում են դիմելով սպառնալիքի, ահաբեկման, անգամ` բռնության: Հասուն տարիքի սեռական բռնարարները, որոնք որպես կանոն ունեն սեռական այս կամ այն այլասերումը, շահադիտորեն օգտագործում են մանկական հետաքրքրասիրությունը»:
     Վրեժ Շահրամանյանը նշեց նաև, որ վաղաժամ հասունության պատճառ կարող են լինել սննդի մեջ առկա քիմիական տարրերի պարունակումը: Նա տեղեկացրեց, որ սննդամթերքի հարցում պետք է շատ զգույշ լինել: Ինչևէ, ախտանիշների դեպքում հարկավոր է ինքնագլուխ դեղորայք օգտագործելու փոխարեն ժամանակին դիմել բժշկի միջամտությանն ու կանխարգելել վաղաժամ հասունությունը:

6342 | 0
Facebook