Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գլխավոր դատախազից պահանջում են Արայիկ Խանդոյանին հայհոյած դատախազին պատասխանատվության ենթարկել

17:10, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2017 թ.
Գլխավոր դատախազից պահանջում են Արայիկ Խանդոյանին հայհոյած դատախազին պատասխանատվության ենթարկել

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պատասխանատվության ենթարկելու դատախազ Պետրոս Պետրոսյանին:
     «04.04.2017 թ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է Արայիկ Խանդոյանի պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների արգելքի դեմ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Արայիկ Խանդոյանը, տեսնելով, որ նիստը դռնփակ է անցկացվում, բորբոքվել է և ագրեսիվ պահվածք դրսևորել: Արայիկ Խանդոյանը՝ դիմելով դատախազին ու քննչական խմբի ղեկավարին, հայտարարել է, որ «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝ Հաց բերողին»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել Արայիկ Խանդոյանի մոր հասցեին: Այդ պահին նիստերի դահլիճում ներկա էին, նախագահող դատավորը, նիստերի քարտուղարը, Արայիկ Խանդոյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը և այլ անձիք:

Որքան էլ սխալ ձևով իրեն դրսևորեր Արայիկ Խանդոյանը, դատախազը պարտավոր է զսպվածություն ցուցաբերեր, այլ ոչ թե դառնար իրավախախտ: Նման դատախազը չպետք է տեղ ունենա դատախազության համակարգում: Ըստ հաղորդման՝ դատախազը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության մասնակիցների նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղելով Արայիկ Խանդոյանի մոր հասցեին:«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն Գլխավոր դատախազից խնդրել է ներկայացված հաղորդումը հանցագործության մասին չուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, քանի որ նրանք Արայիկ Խանդոյանի նկատմամբ իրականացնում են քրեական հետապնդում և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննության չի կարող իրականացնել»:

3511 | 1
Facebook