Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Երբ որ ասում են «փոխզիջում», ես, օրինակ, չեմ հասկանում` ի՞նչ ունի զիջելու Ադրբեջանը». Սոս Գիմիշյան

14:25, երեքշաբթի, 18 ապրիլի, 2017 թ.
«Երբ որ ասում են «փոխզիջում», ես, օրինակ, չեմ հասկանում` ի՞նչ ունի զիջելու Ադրբեջանը». Սոս Գիմիշյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
    
    
- Պարոն Գիմիշյան, այս օրերին շատ է խոսվում հողատվության և փոխզիջումների մասին: Այն ավելի բուռն քննարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներից հետո: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինեն այդ փոխզիջումները և, առհասարակ, ունե՞նք որևէ բան Ադրբեջանին զիջելու:


     - Համոզմունք ունեմ, որ եթե մենք ճշգրիտ և սկզբունքային դիրքորուշում ունենանք և կարողանանք ապահովել իշխանություն-ժողովուրդ միասնությունը, վախենալու բան չենք ունենա: Մենք կարող ենք գնալ փոխզիջումների, քանի որ հայերս խաղաղասեր ժողովուրդ ենք: Մենք պատրատ ենք ինչ-ինչ բանակցությունների և փոխզիջումների, բայց դրանք պետք է լինեն ադեկվատ և հավասարաչափ: Ես, օրինակ, մինչև հիմա չեմ հասկանում, որ ասում են «փոխզիջում»: Ի՞նչ ունի զիջելու Ադրբեջանը, ի՞նչ է` Քուռի և Արաքսի արա՞նքն են մեզ վերադարձնելու: Կարգավիճա՞կ` դա դատարկ բան է, դա թուղթ է, Ղարաբաղն անկախ, ինքնուրույն երկիր է, կարգավիճակով չեն կարող սահմանափակվել սահմանամերձ կրակոցները: Նույնն է, երբ որ դու պատրաստ ես մեծ գին տալ իբր կեղծ խաղաղություն ստանալու համար: Այդ դեպքում դու և´ խաղաղություն չես ունենա, և´ խայտառակություն կլինի մեզ համար:


     - Միգուցե դրա դիմաց Ադրբեջանը կհամաձայնի այլևս չկրակե՞լ:


     - Չկարակելը կլինի միայն այն դեպքում, երբ որ թշնամին իմանա, որ չկրակելու արդյունքում ինքը պատասխան կստանա ոչ պակաս, ավելի ծանր: Այսինքն` մենք պետք է ուժեղ լինենք, որ դիմացինը, որն իրեն ուժեղ է համարում, չկրակի: Եթե դու թույլ ես, միևնույն է, միշտ էլ կրակելու է… Թուրքիան, Միացյալ Նահանգները, Իսրայելը նույնպես պահանջում են, որ մենք վերադարձնենք տարածքները: Եթե մենք ասում ենք` վերադարձնում ենք, նշանակում է` մեր իշխանությունները համամիտ են մեր դարավոր թշնամու` թուրքերի հետ: Թե´ Իսրայելի, թե´ Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն մեզ թուլացնելու, մեզ փոքրացնելու և իրենց ազդեցությունը մեծացնելու: Հող զիջողներից մեկն ընտրությունների արդյունքում գնաց: Ես համոզմունք ունեմ, որ մինչև 2018 թիվն էլ` մյուսը կգնա: Պետք են նոր գործիչներ, որոնք այդպիսի բան չեն ասել, և ավելի կոշտ դիրքերից զիջումների հստակ պահանջներով կգնան բանակցություններ և լավագույն տարբերակով կհասնեն նրան, ինչին պիտի հասնեն: Իսկ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, եթե ուժեղ լինենք, իսկ եթե թուղթ ստորագրենք, բայց թույլ լինենք, ապա, միանշանակ է, որ խաղաղություն չի լինի: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր ասում են, որ մենք պետք է հանձնենք հողերը, նրանք փաստացի Ադրբեջանին ասում են` դու ճիշտ ես, կրակի´, դու իրավունք ունես պահանջելու, դա քո´նն է, և քանի որ մենք չենք տալիս, դու կրակի: Փաստացի խրախուսում են հակառակորդի ագրեսիվությունը: Եվ նրանց խղճի վրա է մնում այս կրակոցների ինտենսիվությունը: Անթույլատրելի է նման կեցվածք ունենալը, եթե նույնիսկ դու քո մտքի խորքում պահում ես որ ինչ-ինչ զիջումների պիտի գնաս: Բանկացությունների գնալուց առաջ միշտ քո դիրքորոշումը պիտի լինի հետևյալը` տալու բան չունեմ, ոչ մի թիզ հող, դեռ մի բան էլ` վերադարձնելու ունեմ: Այ, երբ որ բանակցությունների ընթացքում դիմացինդ կտեսնի քո կոշտ դիրքորոշումը, ստիպված կլինի զիջումների գնալ, կասի` այ, տես, ես զիջում եմ, ինքը չի զիջում: Իսկ մենք այսօր այլ տակտիկա ենք ընտրել, ասում ենք` մենք զիջում ենք, Ադրբեջանը չի զիջում, և արդյունքում լավ բանի չենք գալիս: Նախ ասենք, որ Ղարաբաղը մեր բնօրրանն է, մեր հայրենիքը: Ի դեպ, Ադրբեջանից ունենք 650 հազար փախստական, Ադրբեջանի տվյալներով, այդ տարածքներում ունենք 1 միլիոն փախստական: Այդ 650 հազարը որտե՞ղ պիտի ապրի: Հարցը պետք է դիտարկել այս տեսանկյունից. Ադրբեջանն իր տարածքում իր ժողովրդի մի մասին որոշել է սպանել, նրանք Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից փախել են դեպի Ղարաբաղ և այդտեղ իրենց կյանքի պաշտպանությունն են կազմակերպել: Արդյունքում ձևավորվել է այն, ինչ որ այսօր ունենք: Նրանք նորից իրավունք պետք է ունենան իրենց երկիր տեղափոխվելու: Եթե մենք այս ձևով ձևակերպենք կոնֆլիկտը, խնդրի լուծումը բոլորովին այլ կլինի և բնական կլինի, որ մենք Ադրբեջանից ոչինչ չենք ուզում այսօր: Ավելին ասեմ, եթե կոնֆլիկտի լուծման ձևաչափը փոխվի, այն պիտի դուրս գա այն տրամաբանությունից, որ Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ է ընդհանրապես:


     - Իսկ իշխանություննե՞րը, որն է մեր իշխանությունների բացթողումը, որը խորացրեց այս կոնֆլիկտը:


     - Չունենք և չենք ունեցել ազգային իշխանություն, որը կզբաղվեր փախստականներին այդ տարածքներում բնակեցնելով: Այս իշխանությունը բացարձակապես ժողովրդի հետ կապ չունեցող իշխանություն է: Մի պահ եղավ, որ ակտիվորեն այդ գործընթացն արինք, հետո, Ռոբերտ Քոչարյանի գալուց հետո, հետդարձ արձանագրեցինք այն դեպքում, երբ պետք է ակտիվորեն այդ տարածքները բնակեցնեինք, այն դեպքում, որ կային այդ երկրի քաղաքացիներ, որոնք իրավունք ունեին Բաքվից տեղափոխվելու և Ղարաբաղի տարածքում ապրելու:


     - Պարոն Գիմիշյան, կարո՞ղ եմ խնդրել մեկնաբանեք ռուս հայտնի լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոկովյովի այցը Բաքու: Ո՞րն էր, ըստ Ձեզ, այդ այցի նպատակը, հատկապես, երբ նա հյուրընկալվել է նախագահի մակարդակով:
    
    

- Ես կարծում եմ, Լապշինի դեպքից հետո, երբ բելառուսները հանձնեցին նրան Ադրբեջանին, շատ հարցեր և շատ հարաբերություններ սրվեցին, սա ուղղակի թշնամական գործողություն էր Ադրբեջանի և Բելառուսի կողմից Ռուսաստանի դեմ: Այդպիսի գործողություններն անհետևանք չեն մնում: Թե ինչ նպատակով է կոնկրետ այդ հանդիպումը տեղի ունեցել, ես կարծում եմ, ավելի շուտ պրովոկացիոն բնույթ ունի` խոսեցնելու, հասկանալու, թե ինչքանով է փոխվել դիրքորոշումները: Ես չեմ կարող հիմա այդ մասին որևէ բան ասել, ինձ համար դա շատ փոքր հարց է, չնայած այդպիսի բաներ պատահաբար չեն լինում, պետական մակարդակով են համաձայնեցվում այդպիսի հանդիպումները: Բայց ես մի բան գիտեմ, որ Լապշինի դեպքից հետո հարաբերություներն ու փոխադարձ վերաբերմունքը շատ են փոխվել: Թվում է, թե փոքրիկ խնդիր է` քաղաքացուն Բելառուսը հանձնեց, պրծավ, բայց դա պետության նկատմամբ կատարված քայլ է: Ես հույս ունեմ, որ դրա արդյունքում շատ շատերը շատ լուրջ հետևություններ են արել և այդ հետևությունները բարենպաստ են մեզ համար:

2290 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am