Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չնայած զրկանքներին` երբեք չի կոտրվել». այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակն է

12:05, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
«Չնայած զրկանքներին` երբեք չի կոտրվել». այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակն է

«Սիրուն աչքերի համար չեն սիրում քաղաքական գործչին: Նա արժանի էր այդպիսի գնահատականի, նա վաստակել էր դա: Չնայած զրկանքներ շատ է կրել, բայց չի կոտրվել ու միշտ համարել է, որ մարդ մինչև վերջ պետք է ծառայի հայրենիքին»,- Կարեն Դեմիրճյանի մասին ասել է նրա այրին` Ռիմա Դեմիրճյանն, ում բնորոշմամբ` Կարեն Դեմիրճյանը մեծ բարոյականության տեր մարդ էր` լիներ դրսում, թե՛ ներսում, թե՛ ընկերների շրջանում: «Եթե ասեմ` լավն էր, ուշադիր էր ... ծեծված բառեր են, միայն կասեմ, որ նրա մեջ զուգակցվել էին դրական որակները՝ թե՛ մարդկային, թե՛ քաղաքական գործչի: Հենց սա է նրա ֆենոմենի բացատրություններից մեկը»,- անկեղծացել է նա:
     Հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932-ի ապրիլի 17-ին` Երևանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում:
     Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974 - 1988 -ին` Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար: Կրկին քաղաքականություն վերադառնալուց հետո` 1999-ին նա դարձել է Հայաստանի անկախ հանրապետության խոսնակ:
     Կարեն Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954-ին Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: 1955-ին ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
     Նրա աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:
     Կարեն Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
     Սակայն, 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը` կապված Կարեն Դեմիրճյանի հետ:
     Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան: «Մարդ` առանց արատների»,- այսպես է նրան բնորոշել հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանը:
     Ազգային հերոսի ծննդյան 85-ամյակին նվիրված՝ «Մտքի և գործի առաջնորդը. Կարեն Դեմիրճյան» կենսագրական ֆիլմում Կարեն Դեմիրճյանի ժամանակակիցներն ու գործընկերներն անդրադառնում են նրա անձնային առանձնահատկություններին, պետական գործչի և մշակույթի նվիրյալի յուրահատուկ համադրությանն ու աշխատելաոճի նրբություններին: Ֆիլմն օրերս հանդիսատեսի դատին է հանձնվել, այն փորձ է նոր հայացքով ներկայացնելու Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը:

5906 | 2
Facebook