Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սելավավտանգ տարածքների ուսումնասիրության համար կկիրառվեն ԱԹՍ-ներ

19:10, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Սելավավտանգ տարածքների ուսումնասիրության համար կկիրառվեն ԱԹՍ-ներ

ՀՀ ԱԻ նախարարությունը Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն` անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ: Այն իրականացվում է «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարումը տեղական մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակն ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:
     Անօդաչու թռչող սարքերի կիրառումը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովելու են ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները: Ուսումնասիրության արդյունքում իրականացվելու է սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, որը կբացահայտի սելավատարերի խցանման աստիճանը տիղմով և աղբով, ինչը թույլ կտա համապատասխան միջոցառումներ իրականացնել սելավային հոսքի բնականոն հեռացումը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ:
     Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Դրոնների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը:

2932 | 0
Facebook