Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան սկսում է ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացը. Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան էլ ցանկանում են լքել Մեծ Բրիտանիան

14:50, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Մեծ Բրիտանիան սկսում է ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացը. Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան էլ ցանկանում են լքել Մեծ Բրիտանիան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր ստորագրել է Եվրոմիությունից թագավորության դուրս գալու մասին նամակը, որը հասցեագրված է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին։ Ըստ Комсомольская Правда-ի` պատմական համարվող նամակում նշվում է, որ Մեծ Բրիտանիան մարտի 29-ից սկսում է Եվրոմիությունից դուրս գալու պաշտոնական գործընթացը։ Լոնդոնի ժամանակով ժամը 12․30-ին Եվրոմիությունում Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Բարոուն նամակը հանձնելու է Դոնալդ Տուսկին և այդ պահն էլ համարվում է, այսպես կոչված, Brexit-ի պաշտոնական մեկնարկը։ Նամակը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում Դոնալդ Տուսկը պատասխան նամակ է հղելու, որում ներկայացվելու է կառույցը լքելու ընթացակարգը։ Կառույցը լքելու մանրակրկիտ ծրագիրը հրապարակվելու է ապրիլի 29-ին Եվրոմիության անդամ արդեն 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Մինչ Մեծ Բրիտանիան լքում է Եվրոմիությունը, որին անդամակցել է 1973 թվականին, թագավորության մաս կազմող Շոտլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան էլ պատրաստվում են հրաժեշտ տալ Լոնդոնին, որպեսզի պահպանեն իրենց անդամակցությունը Եվրոմիությունում։ Շոտլանդիան մտադիր է որպես անկախ պետություն անդամակցել Եվրոմիությանն, իսկ Հյուսիսային Իռլանդիան` վերամիավորվել Իռլանդիայի Հանրապետությանը, որը ևս Եվրոմիության անդամ է։

Շոտլանդիայի խորհրդարանը երեկ երեկոյան ձայների 69 կողմ, 59 դեմ հարաբերակցությամբ որոշել է Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու շուրջ երկրորդ հանրաքվե անցկացնել։ Հանրաքվեն կանցկացվի 2018 թվականի աշնանից մինչև 2019 թվականի գարուն ընկած ժամանակահատվածում, երբ Լոնդոնը կավարտի Եվրոմիությունից դուրս գալու գործընթացը։ Որպես հանրաքվեի անցկացման հիմնավորում է ներկայացվում այն, որ չնայած 2016 թվականի հունիսի 23-ին Եվրոմիությունից դուրս գալու շուրջ կայացած հանրաքվեի ժամանակ քվեարկողների 51․89 տոկոսը կողմ է արտահայտնվել (դեմ՝ 48․11 տոկոսը)՝ դրան հակառակ, Շոտլանդիայի բնակչության 63 տոկոսը դեմ է քվեարկել։ «Մեզ ստիպում են դեմ գնալ մեր կամքին։ Շոտլանդիայի խորհրդարանի ու ժողովրդի ձայնը մշտապես անտեսվում է»,- հայտարարել է Նիկոլա Սթերջենը։ Ըստ շոտլանդացի ազգայնականների՝ Լոնդոնը պարտավոր է հարգել շոտլանդացիների՝ Եվրոմիությունում մնալու որոշումն, ինչը հնարավոր է ապահովել թագավորության կազմից դուրս գալու և որպես անկախ պետություն կառույցին անդամակցելու դեպքում։

Հյուսիսային Իռլանդիայում երկար տարիներ անկախության համար պայքարող «Շին Ֆեյն» կուսակցությունն իր հեթին հայտարարել է, որ Հյուսիսային Իռլանդիան պետք է մայր հայրենիքի՝ Իռլանդիայի Հանրապետության հետ վերամիավորվելու շուրջ հանրաքվե անցկացնի։ «Brexit-ը նշանակում է աղետ հյուսիսիռլանդական տնտեսության համար և անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել իռլանդական միասնության հարցով»,-հայտարարել է «Շին Ֆեյն» կուսակցության նախագահ Միշել Օ’Նիլը։ 1949 թվականին Իռլանդիան անկախություն է ստացել Մեծ Բրիտանիայից, սակայն դրա մի մասը՝ Հյուսիսային Իռլանդիան մնացել է Միացյալ Թագավորության կազմում, և այժմ իռլանդացի ազգայնականները պնդում են, որ պատմական վերամիավորման ժամանակն է։

«Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիայում ազգայնականների դիրքերն զգալիորեն ամրապնդվել են, իսկ դեմոկրատ-յունիոնիստների դիրքերը թուլանում են։ Եթե երկրամասի խորհրդարանում ներկայում ազգայնականնները տեղերի թվով երկրորդն են, նոր ընտրությունների դեպքում բոլոր շանսերն ունեն հաղթանակ տանել թագավորության կազմում մնալու կողմնակից դեմոկրատ-յունիսոնիստների նկատմամբ։ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին վերջերս հայտարարել է, որ չի բացառում այնպիսի սցենար, ըստ որի՝ Հյուսիսային Իռլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից և միանա Իռլանդիային:

3989 | 0
Facebook