Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփի ընկերությունը կապեր է ունեցել Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին պետությունների հանցագործների հետ». USA Today

12:35, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Թրամփի ընկերությունը կապեր է ունեցել Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին պետությունների հանցագործների հետ». USA Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նաև նրա ընկերությունը և գործընկերներն անշարժ գույքի ոլորտում իրենց նախագծերը զարգացնելու նպատակով բազմիցս դիմել են ունևոր ռուսներին և նախկին խորհրդային մի քանի երկրների օլիգարխներին, որոնցից ոմանք կապված են կազմակերպված հանցավորության հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ն, այսօր հրապարակում է կատարել USA Today-ը՝ հիմնվելով դատարանի նյութերի, կառավարական և իրավաբանական փաստաթղթերի և նախկին դաշնային դատախազ Քեն ՄքՔալիոնի հետ հարցազրույցի վրա:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ Թրամփն ու նրա ընկերությունը կապված են եղել նախկին ԽՍՀՄ-ից առնվազն 10 գործարարի հետ, ովքեր կապ ունեն հանցավոր կառույցների կամ փողերի լվացման հետ:

Նրանց թվում է ռուս ներգաղթյալ Ֆելիքս Սատերն, ով ֆինանսավորում է հատկացրել Նյու Յորքում Trump SoHo հյուրանոցի կառուցմանը: Նա երկու անգամ դատապարտված է եղել, իսկ այնուհետև զբաղվել է Ռուսաստանում Թրամփի համար ներդրողների որոնումներով:
     Թրամփի մեկ այլ գործընկեր եղել է Ղազախստանից: Խոսքը միլիարդատեր Ալեքսանդր Մաշկևիչի մասին է, ում Բելգիայի իշխանությունները մեղադրել էին 55 միլիոն դոլար գումարի լվացման գործում ներգրավվածության համար:
     Եվս երեք գործընկերների, ովքեր եղել են Ֆլորիդայում և Նյու Յորքում Trump Organization-ի անշարժ գույքի սեփականատերեր, ներկայացվել են մեղադրանքներ ռուս-ամերիկյան հանցավոր խմբին ներգրավվածության համար:

USA Today-ը նշում է, որ Թրամփն աշխատել է նաև Ղազախստանի նախկին էներգետիկայի նախարար և Ալմաթիի քաղաքապետ Վիկտոր Խրապունովի հետ, ում դեմ Լոս Անջելեսում առաջադրվել են գողացված միլիոնավոր դոլարներ թաքցնելու մեղադրանքներ, ինչպես նաև ուկրաինացի գործարար Պյոտր Կիրիչենկոյի հետ, ով ներգրավված է եղել Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի մասնակցությամբ գումարների լվացման հետ կապված խարդախության մեջ:

7634 | 0
Facebook