Երկու օր է` Սարի թաղի բնակիչներն անժամկետ նստացույց են անում Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանց պահանջը հետևյալն է՝ Քրեական օրենսգրքի 316-ի 2-րդ կետը փոխել 1-ին կետով: «Ոչ մի ծանր մարմնական վնասվածք չկա, ամբողջը հեքիաթներ են: Ճիշտ է, վիճաբանություն տեղի է ունեցել, բայց դա եղել է կենցաղային հողի վրա: Պատճառը ոչ մեկ չի ուսումնասիրում, այլ միայն գործողությանն են նայում: Ամեն ինչ սարքած է: Երկար ժամանակ է` դատական նիստեր են տեղի ունենում և ոչ մի արդյունք: Կան 20-ից ավելի փաստեր, որոնք պատասխան են ակնկալում, այնինչ այդ պատասխանները մինչ այսօր չկան»,- ասել է կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը՝ հավելելով, որ շատ կցանկանար, որ այս նախընտրական փուլում ՀՀԿ-ն ուշադրություն դարձներ իրենց խնդիրն. «Մի թաղամասից 10 կալանավոր կա, եթե իշխող կուսակցությունն ի վիճակի չէ այդ հարցը լուծել, ես խնդրանքով դիմում եմ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա լուծի այն»:
Նստացույց անող Լալա Բեռնեցյանն էլ կոչ է արել ՀՀԿ-ին չընտրել: «Մենք ՀՀԿ-ի տուժածն ենք, կոչ եմ անում ամբողջ Սարի թաղին, որպեսզի չմասնակցի ընտրություններին, մասնակցելու դեպքում էլ նրանց չընտրի»:
Թ. Թորոսյանը նշել է, որ «խեղդվողը փրփուրներից է կախվում, նույն վիճակում էլ իրենք են: «Արդեն 8 ամիս է պայքարում ենք, բայց ոչ ոք մեզ չի լսում»,- գանգատվել են նստացույցի մասնակիցները:
Հիշեցնենք՝ նրանք բողոքում են, որ նախորդ տարվա հուլիսին Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների ժամանակ ձերբակալված, հետո կալանավորված իրենց հարազատների գործերը շինծու են: Ի դեպ, նրանցից Էդվարդ Զեյթունյանը, կալանավայրում անժամկետ հացադուլ է հայտարարել: