Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1993-ի այս օրն սկսվեց Քարվաճառի ռազմական գործողությունը

16:15, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
1993-ի այս օրն սկսվեց Քարվաճառի ռազմական գործողությունը

1993-ի մարտի 27-ից ապրիլի 2-ը տեղի է ունեցել Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի Լաչին-Քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունը:
     «Այս հաղթանակը թույլ տվեց հայ կամավորականներին ազատագրել ողջ Արցախը: Թեպետ ԼՂՀ ամեն մի ազատագրված հատված այդ պատերազմում շատ կարևոր էր»,- մի առիթով ասել է Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
     Ինչպես տեղեկանում ենք հայկական ազատ հանրագիտարանից, մարտի 27-ին պաշտպանության բանակի ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քելբաջարի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը: Ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել ԼՂՀ պետական սահմանին: Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը՝ պաշտպանության բանակի զինուժը մարտի 29-ին մտել է Քելբաջարի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը: Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չոր ան գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները: Ապրիլի 2-ին ղարաբաղյան զինուժը գրավել է Քելբաջարը Գյանջային (Գանձակ) կապող խաչմերուկը: Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը:
     Վերջիններին օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ: Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ: Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր: Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Մարտակերտի, Մարտունիի, Շուշիի Պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քելբաջարի ռազմական գործողությունը ավարտվել է Ադրբեջանի զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ:

3275 | 0
Facebook