Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ հարձակվողական ոճի ֆուտբոլ ենք խաղում». Էդգար Մանուչարյան

14:30, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ հարձակվողական ոճի ֆուտբոլ ենք խաղում». Էդգար Մանուչարյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումից հետո մեր հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ամփոփեց մեր թիմի խաղը։

«Միշտ հաճելի է, երբ նման բարդ խաղում հաղթանակ ես տոնում։ Առաջին խաղակեսում մրցակցի համար խնդիրներ ստեղծեցինք, բայց չօգտագործեցինք հարմար պահերը։ Ամեն դեպքում, շատ ուրախ ենք, որ հաղթեցինք։ Միակ բացասական բանը Գևորգ Ղազարյանի վնասվածքն է։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և նա շուտ կվերադառնա խաղադաշտ։ Կարմիր քարտն ամբողջությամբ չփոխեց խաղի ընթացքը։ Եթե լավ չխաղայինք, չէինք հաղթի։ Սկսեցինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ, մրցակցի համար դժվար էր, ճեղքեր առաջացան, և մենք օգտագործեցինք մեր պահերը։ Խաղից հետո հանդերձարանում միշտ լավ տրամադրություն է, եթե հաղթում ես։ Լավ է, որ բոլորը հաղթանակած կվերադառնան իրենց ակումբները»,- Մանուչարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ հանդես գալու մասին՝ Մանուչարյանը նշեց. «Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ հարձակվողական ոճի ֆուտբոլ ենք խաղում։ Իհարկե, բոլոր ֆուտբոլիստներին դա հաճելի է։ Բացի այդ, մարտավարական փոփոխություններ է մտցրել մարզիչը, բայց դա չեմ բարձրաձայնի՝ թիմի ներքին խոհանոցն է»։

2317 | 0
Facebook