Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դպրոցների տնօրեններն այն մարդկանց հրամանն են կատարել, ովքեր իրենց կանչել են քաղաքապետարան». Անահիտ Բախշյան

14:35, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Դպրոցների տնօրեններն այն մարդկանց հրամանն են կատարել, ովքեր իրենց կանչել են քաղաքապետարան». Անահիտ Բախշյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական փոխօգնության կարգով դիմել է քաղաքապետարանին, որպեսզի երկօրյա սեղմ ժամկետում բացատրություն վերցնի բոլոր այն դպրոցների և մանկապարտեզների տնօրեններից, որոնք, ըստ հրապարակված ձայնագրությունների խախտել են օրենքը, և ուղարկել ԿԸՀ. «Մարտի 28-ին այդ բացատրությունները պետք է տրամադրենք ԿԸՀ-ին և քանի որ ներկայացված տնօրենների թիվը մեծ է, ուստի նրանց կիրակի օրն ենք կանչել, որպեսզի նշված ժամկետում հասցնենք բոլորից բացատրություն վերցնել»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
     Նշենք, որը ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության, երեկ, ոչ աշխատանքային օրով Երևանի բոլոր դպրոցների տնօրենները կանչվել են քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանի և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ:
     Նշվում է, որ այդ հանդիպումը կապված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրության հետ, որտեղ հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրեններ խոստովանում են, որ քարոզչություն են իրականացնում, ցուցակ են կազմում և ներկայացնում ՀՀԿ կառույցներին:
     MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք նկատողություն արվե՞լ է վերոնշյալ տնօրեններին, Ա. Գևորգյանն ասաց, որ հանդիպումն այդ նպատակով չէր և ոչինչ ավելացնել չի կարող:
     Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով խնդրին և այն խոսակցություներին, թե հրապարակված ձայնագրությունների մասով տնօրեններին կոչ է արվել չվախենալ, ասաց. «Դա նշանակում է, որ մենք կանք, որ ձեր թիկունքին ենք, մենք ամենակարող ենք, անօրեն ենք, կարգ, կանոն, սահմանադրություն չկա, հանգիստ ձեր գործը շարունակեք և չեք պատժվելու»:
     Պատասխանելով հարցին, թե այնուամենայնիվ պատասխանատվություն կկրե՞ն վերնոշյալ կրթական հաստատությունների ղեկավարները, Բախշյանն ասաց. «Չեմ կարծում պատասխանատվություն կկրեն, քանի որ նրանք այն մարդկանց հրամանն են կատարել, ովքեր իրենց կանչել են»:

6280 | 0
Facebook