Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարի թաղի գործով անհիմն կալանավորված Էդուարդ Զեյթունյանը հացադուլի ժամանակ վատացել է, նրան ապօրինաբար զրկել են բուժօգնությունից

15:10, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Սարի թաղի գործով անհիմն կալանավորված Էդուարդ Զեյթունյանը հացադուլի ժամանակ վատացել է, նրան ապօրինաբար զրկել են բուժօգնությունից

Ուրբաթ օրվանից անժամկետ հացադուլ հայտարարած Էդուարդ Զեյթունյանի կինը քիչ առաջ MAMUL.am-ին ահազանգեց, որ իր ամուսինը երեկ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն նրան բուժօգնություն չեն տրամադրել: «Ամուսնուս ճնշումն է իջել, կանչել է ֆելդշերին, սակայն նա հայտնել է, թե` դու հացադուլի մեջ ես, քեզ իրավունք չունենք դեղ տալու: Ես կապ եմ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, այնտեղից հայտնել են, որ նման օրենք չկա և հացադուլ անողները պետք է օգտվեն իրենց հասանելիք բուժօգնությունից: Ասացին, թե կզբաղվեն այդ հարցով, բայց չգիտեմ` ինձ լռեցնելու համար ասացին, թե իրոք կզբաղվեն»,- հայտնեց Լալա Բեռնեցյանը:

Նա նաև հայտնեց, որ Նուբարաշենի ՔԿՀ-ում պահվող իր ամուսնուն վերջին անգամ տեսել է ուրբաթ օրը, սակայն այժմ նրան տեղափոխել են հացադուլավորների խցիկ, իսկ տեսակցությունն արգելված է:

«Սարի թաղի դեպքերով կալանավորված տղերքին ուզում են հերթով Արթուրի օրը գցեն: Ամուսնուս մեղքը ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել, որպես տուժած ճանաչված ոստիկանը նրան չի ճանաչել, սակայն նա արդեն 9 ամիս է` ապօրինաբար պահվում է բանտում: Մեր ընտանիքը` ես ու 7 տարեկան աղջիկս, զրկված ենք մեր միակ կերակրողից: Ինչ են ուզում մեզանից, սաղիս թող գցեն բերդերը, խոշտանգեն, իսկ սրիկաներն ու տականքները թող ազատության մեջ ման գան»,- զայրացած ասաց Լալա Բեռնեցյանն, ով պատրաստվում է երկուշաբթի օրվանից Սարի թաղի գործով կալանավորված 10 մարդկանց հարազատների հետ նստացույց սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց:

Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:

4126 | 1
Facebook