Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը խոսել է «տանիքների վրա լավ ցատկող» թեկնածուների ու 2018-ից հետո իր անելիքների մասին

21:15, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
Սերժ Սարգսյանը խոսել է «տանիքների վրա լավ ցատկող» թեկնածուների ու 2018-ից հետո իր անելիքների մասին

«Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»,- Արցախում զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների առջև իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
     Գնահատելով քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության ընթացքը՝ ՀՀԿ ղեկավարը հայտարարել է. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»։
     Սերժ Սարգսյանի՝ «տանիքների վրա լավ ցատկողներ» արտահայտությունն, ըստ ամենայնի, ուղղված էր «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին, ով ժողովրդին առավել հասանելի լինելու համար, քարոզչության ժամանակ հաճախ բարձրանում է ավտոտնակների տանիքների վրա՝ շենքերի պատուհաններից նայող քաղաքացիներին վստահեցնելով՝ ելք կա:

7251 | 15
Facebook