Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՕՐՕ-ն դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

17:40, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
ՕՐՕ-ն դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ԿԸՀ ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանի դիմումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին.
    
     «Սույն թվականի մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածեց տեղեկատվություն իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: ԶԼՄ-ներով ներկայացվեցին ձայնագրություններ, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը:
     ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում»:
     Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:
     Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում ակնհայտ չարաշահել է վարչական ռեսուրսը, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասով և 19-րդ հոդվածի 8-րդ մասով՝ խնդրում ենք ԿԸՀ-ից, որպես ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:
     Նշենք, որ ՀՀԿ անդամներն ու ԿԸՀ նախագահն այսօր անդրադարձել էին ձայնագրությունների թեմային ու ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջին:
     Տեղեկացնենք, որ մի խումբ քաղաքացիներ վաղը 17.00-ին պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել Ազատության հրապարակից դեպի ԿԸՀ շենք՝ «Երթ՝ հանուն ազատ և արդար ընտրությունների» պահանջով:

3881 | 0
Facebook