Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ը ուսումնասիրել է ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների 123 հրապարակումներ

12:05, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
ՄԻՊ-ը ուսումնասիրել է ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների 123 հրապարակումներ

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 123 հրապարակումներ:
     25 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի շրջանակներում սկսվել են քննարկման ընթացակարգեր, կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, ինչպես նաև նրանց տրամադրվել է ընտրական իրավունքներին առնչվող հարցերով իրավաբանական խորհրդատվություն:
     Հրապարակումները, ինչպես նաև ստացված գրավոր կամ բանավոր բողոքները հիմնականում վերաբերել են նախընտրական քարոզարշավի ընթացքում պաստառները պոկելուն, պատռելուն կամ դրանց վրա գրառումներ կատարելուն, ուսումնական հաստատություններում մանկավարժական կազմի աշխատողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս նախընտրական քարոզչություն կատարելուն, քարոզչական նյութեր տարածելուն և այլն:
     Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից, իսկ ընտրական իրավունքներին առնչվող և առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերով տեղեկությունները ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով:

2854 | 0
Facebook