Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները խեղում են անչափահաս երեխաների ճակատագրերը. բաց նամակ Տարոն Մարգարյանին

22:15, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները խեղում են անչափահաս երեխաների ճակատագրերը. բաց նամակ Տարոն Մարգարյանին

Բաց Նամակ Երևան քաղաքի քաղաքապետ

Հարգարժան Տարոն Մարգարյանին

Հարգարժան պարոն Մարգարյան,

Ձեզ է դիմում Ազատ Դեմոկրատներ կուսակցության կողմից թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Արա Խաչատրյանը: Վերջին շրջանում բազմաթիվ են եղել հանդիպումները քաղաքացիների հետ Արաբկիր վարչական շրջանում, շատ հարցեր են բարձրաձայնվել, բայց հատկապես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների լուրջ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության և դրա հետևանքով անչափահաս երեխաների խեղված ճակատագրերի խնդրի վրա: Մեծաթիվ քաղաքացիներ են բողոքում նրանց կամայական քայլերից: Խնամակալության և հոգաբարձության մարմինները գործում են վարչական շրջաններին կից և ուղակիորեն ենթարկվում են Երևանի քաղաքապետարանին: Նրանց կողմից կատարված հետազոտությունները և գումարած նիստերի ժամանակ կայացրած որոշումները շատ հաճախ հիմք են հանդիսանում դատարանների համար: Ուստի, օգտվելով օրենքով իրենց ընձեռված հնարավորություններից և օրենսդրական բացերից՝ վերը նշված մարմինները կարողանում են դատարաններում ներկայացնել թերի և հաճախ ոչ իրավաչափ որոշումներ: Ասեմ ավելին ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ի տարբերություն դատական նիստերի, իրենց նիստերը չեն ձայնագրվում, խնամակալության և հոգաբարձության մարմինները դատարաներում ներկայացնող նիստերի քարտուղարները կարողանում են իրենց ցանկությամբ խեղաթյուրել իրականությունը՝ նախապես իմանալով, որ կողմերը հնարավորություն չեն ունենալու ապացուցելու իրականությունը: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստի պատասխանատու քարտուղար՝ տիկին Մ. Գորգինյանին, ում ակնհայտ կողմնապահության վերաբերյալ ինձ բազմաթիվ դժգոհություններ են հայտնի դարձել: Համոզված եմ, որ խնդիրը համատարած բնույթ է կրում, կապված է վերջին տարիներին ավելացող ամուսնալուծությունների դեպքերով և ծնողների՝ անչափահասների խնամքի հետ կապված պատրաստակամությամբ: Խնամակալության մարմինները հաճախ շահագրգիռ են լինում ավելի սրելու և ծանրացնելու իրավիճակները՝ հետագայում «պղտոր ջրերում ձուկ որսալու համար»: Համոզված եմ, որ դուք էլ շահագռգռված կլինեք համընդհանուր, սակայն հաճախ քողարկված խնդիրների հրապարակային կարգավորման հարցով, հատկապես, որ խնդիրը կարելի է շտկել ոչ բարդ ընթացակարգային քայլերով: Մասնավորապես կարևոր է բոլոր վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրամադրել ձայնագրող կամ տեսաձայնագրող սարքավորումներ և պարտադրել, որ բոլոր նիստերը իրականացվեն թափանցիկ, ձայնագրվեն, որպեսզի առկա ձայնագրությունները հետագայում դատարանի պահանջով կողմերը կարողանան կցել գործերին՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Հուսով եմ, որ Ձեր կողմից կլինի համապատասխան հանձնարարական, ոլորտը մանրամասն կուսումնասիրվի և մեր քաղաքացիների շահերը կլինեն գերակա՝ որոշումներ կայացնելիս: Համոզված եմ, որ առաջիկայում կայանալիք՝ Երևան քաղաքի քաղաքապետի ընտրություններում սա լինելու է սեղանին դրվող առանցքային թեմաներից մեկը:

Հարգանքներով՝ Արա Խաչատրյան

6257 | 0
Facebook