Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը շատ կարևոր է կյանքիս և կարիերայիս համար». Մարկոս Պիզելի

17:20, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Հայաստանը շատ կարևոր է կյանքիս և կարիերայիս համար». Մարկոս Պիզելի

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստների և մարզչի մրցանակաբաշխության արարողությունը։ Հայաստանի լավագույն եռյակում ընդգրկված Մարկոս Պիզելին մրցանակն ստանալուց հետո նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն ունի իր համար. «Շատ ուրախ եմ, որ ընդգրկվել եմ լավագույն եռյակում։ Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է Հայաստանի հավաքականն ինձ համար։ Այս մրցանակը նշանակում է, որ ես լավ բան եմ արել և ուրախ եմ, որ կարողացել եմ օգնել Հայաստանին»,- Պիզելիի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Մարտի 26-ին կայանալիք Ղազախստանի հետ հանդիպմանը մարզադաշտում հետևելու են նաև Մարկոսի ծնողները. «Ծնողներս առաջին անգամ են Հայաստանում։ Շուտվանից էի ուզում նրանց բերել, բայց հիմա ստացվեց։ Շատ ուրախ եմ, որ կարողացա նրանց ցույց տալ Հայաստանը, որովհետև այն շատ կարևոր է իմ կյանքի, կարիերայիս համար։ Նրանք շատ հավանեցին Երևանը։ Ինձ համար շատ կարևոր էր, որ նրանք գան այստեղ։ Առաջին անգամ են եկել, բայց հաստատ ոչ վերջին»։

Պիզելին՝ ծնողների հետ
Պիզելին՝ ծնողների հետ

Խոսելով մարզավիճակի մասին՝ Պիզելին նշեց. «Լավ եմ զգում ինձ, շատ լավ եմ զգում։ «Քսանթի»-ում, ճիշտ է, մեկնարկային կազմում չեմ խաղում, բայց առանձին մարզվում եմ։ Արդեն 32 տարեկան եմ ու գիտեմ, որ հավաքականի կազմում պետք է բարձր մակարդակի խաղամ, դրա համար աշխատում եմ ինձ վրա։ Պատրաստ եմ Ղազախստանի դեմ խաղին։ Կխաղամ, թե ոչ՝ կորոշի գլխավոր մարզիչը։ Երբ հավաքական եմ գալիս միշտ 100%-ով պատրաստ եմ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։ Դա շատ կարևոր է։ Եթե մարզիչը որոշի, որ խաղալու եմ, ամեն ինչ կանեմ՝ թիմին օգնելու համար»։

3308 | 0
Facebook