Ուկրաինայի Խարկովի շրջանի Բալակլեա քաղաքում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոշոր հրդեհ էր բռնկվել երկրի ամենամեծ զինապահեստում: Քաղաքի բնակիչները տեսանկարահանել են, թե ինչպես են մեկը մյուսի ետևից պայթում պահեստի ռումբերն ու արկերը: Հատկապես ուժգին է լսվում 4:19 րոպեի պայթյունի ձայնը, որի հարվածային ալիքն օպերատորին վայր է գցում:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր մարտի 23-ի գիշերը, պայթյունները շարունակվում են մինչ օրս: Զոհեր չկան, հոսպիտալացվել է մեկ տուժած: Հրդեհը հասել է նաև մոտակա տներին, մոտակա բնակավայրերից տարհանվել է 20 հազար մարդ:
Ուկրաինայի ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և կատարվածը որակել իբրև դիվերսիա: Ըստ նրա` հրդեհներ բռնկվել են միաժամանակ մի քանի տեղ:
Բալակլեա քաղաքի զինապահեստը խոշորագույնն է Ուկրաինայում. դրա մակերեսը հասնում է 368 հեկտարի: Այնտեղ շուրջ 138 հազար տոննա զինամթերք և հրաձգային ու հրետանային զենքերի փամփուշտներ և արկեր են պահվում: