Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը. ՎիվաՍել-ՄՏՍ

16:20, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը. ՎիվաՍել-ՄՏՍ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների և ծառերի միջազգային օրվա շրջանակներում, ծառատունկ են իրականացրել Ուրցաձորում։ Գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվել է ծիրանենու և սալորենու մի քանի հարյուր տնկիով։


     ԿԿԱ տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ԱՄՆ Անտառային ծառայության Միջազգային ծրագրերի համագործակցության շրջանակում: Լայնածավալ սերմնահավաքի շնորհիվ, դեռևս նախորդ տարի ստեղծվել է սերմնային բանկը, ինչը կենսաբազմազանության պահպանության գործում բազային կարևոր ռեսուրս է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմամբ՝ տարեկան 5000 տեղական և տարածաշրջանային ծագման ծառ տնկել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքում։ Այնպիսի ծառատեսակները, ինչպիսիք են՝ նշենին, խնձորենին, բալենին, սալորենին, տանձենին, գերիմաստին և այլն, սննդի անփոխարինելի աղբյուր են ԿԿԱ տարածքում հանդիպող որոշ կենդանիների համար:
     ՎիվաՍել-ՄՏՍ-FPWC համագործակցությամբ վերսկսվել է ԿԿԱ տնկարանային տնտեսության ծրագրի նոր, լայնամասշտաբ փուլը։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող մի շարք ծրագրեր միտված են ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ու կիրառմամբ՝ Հայաստանի էկոհամակարգի պահպանմանն ու համայնքային զարգացմանը:
     Ծառատունկին մասնակցել են FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, FPWC «Արևորդի» էկոկրթական նախագծի մասնակից պատանիները:

     «Բնության հետ հարկավոր է համերաշխ ապրել: Եթե այսօր մենք անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետևանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք՝ կարևոր է էկոհամակարգի պահպանման համար: Գործընկեր կազմակերպության հետ, տարիներ շարունակ ձգտում ենք առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ: Դրա հիմքում հետևյալ տրամաբանությունն է. առողջ միջավայրն ու վաղվա կյանքի որակը մեր ձեռքերում են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

     «Տարեկան 5,000 ծառերի տնկումը կենսաբազմազանության պահպանության ծրագրի մեկնարկն է միայն։ Հուսով ենք, որ առաջիկայում ծառերի թվաքանակը ավելացնելու հնարավորություն կունենանք։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է։ Մենք փորձարկել և արդեն հաջողությամբ օգտագործում ենք նորագույն համակարգեր՝ հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, ոռոգման կաթիլային և խորը արմատային ջրման համակարգ, որոնք ոչ միայն երաշխավորում են դրական արդյունքը, այլև՝ նպաստում բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

     Դեռևս 2016-ի գարնանը, Հայաստանում առաջին անգամ պերմակուլտուրայի ու ագրոանտառաբուծության մեթոդների կիրառմամբ ԿԿԱ-ում ստեղծվել է ուտելի անտառ։ Հարևանությամբ էլ ստեղծվել է անտառայգի, որտեղ մինչև տարեվերջ նախատեսվում է տնկել տեղական-տարածաշրջանային ծագմամբ այնպիսի ծառատեսակներ, որոնք բնորոշ են տարածքին և հարմարեցված՝ բնակլիմայանական պայմաններին: Դա բարձր արտադրողականության ցուցանիշի գրավական է։ Ծառատունկին զուգահեռ իրականացվել է նաև հողի բնական՝ գոմաղբով պարարտացում։
     Տարածքում ջրային ռեսուրսների սակավությունը հաշվի առնելով՝ անտառայգում կիրառվում է ոռոգման ժամանակակից՝ խորը արմատային ոռոգման համակարգ։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ ոռոգիչ ձողի միջոցով ողողվում է ոչ թե հողի վերին շերտը, այլ անմիջապես արմատաբնակ մասը՝ նվազեցնելով գոլորշիացումը և ջրի կորուստը:
     Անտառայգիներն ունեն բնական էկոհամակարգերի կառուցվածք և իրականացնում են նույն գործառույթները, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի արտադրողականությամբ՝ բնականին մոտ միջավայր:

7895 | 1
Facebook