Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կխաղանք հաղթանակի համար». Մխիթարյան

15:10, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Կխաղանք հաղթանակի համար». Մխիթարյան

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպմանն ընդառաջ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղից իր ակնկալիքների մասին.

«Բոլորը լավ են տրամադրված։ Պատրաստվում ենք։ Բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը։ Կարծում եմ՝ կկարողանանք լավ դրսևորել մեզ, և, իհարկե, կխաղանք հաղթանակի համար։ Երկրպագուների ակնկալիքները միշտ էլ մեծ են։ Ցանկացած խաղից հաղթանակ են սպասում։ Մենք՝ նույնպես։ Ստացվեց այնպես, որ Չերնոգորիայի հետ խաղում գրավիչ հաղթանակ տարանք՝ 0։2 հաշվով պարտվելուց հետո հաղթեցինք 3։2 հաշվով։ Ցանկացած երկրպագու և ցանկացած մարդ մեզնից այս խաղում էլ է հաղթանակ սպասում։ Միշտ էլ խաղում ենք հաղթանակի համար։ Բոլոր մրցակիցներն էլ մեզ համար բարդ մրցակիցներ են։ Հեշտ մրցակիցներ երբեք չեն լինում։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կպատրաստվենք խաղին, որքանով ուսումնասիրած կլինենք նրանց, և հաջողությունն արդյոք ուղեկից կլինի մեզ։ Քայլ առ քայլ ուսումնասիրում ենք ղազախներին, դեռ ընթացքում ենք։ Կարծում եմ՝ մարզիչը կօգնի մեզ գտնել մրցակցի թույլ և ուժեղ կողմերը»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով մարզավիճակի մասին՝ Հենրիխը նշեց.

«Փոքր վնասվածք ունեի, այդ պատճառով չմասնակցեցի «Միդլսբրո»-ի դեմ խաղին, չնայած որ պահեստայինների նստարանին էի։ Ընդհանուր լեզու գտանք Մոուրինյոյի հետ, որ ավելի լավ կլինի ռիսկի չդիմենք։ Ավելի լավ է բաց թողնես մեկ հանդիպում, բայց հետագայում շարունակես ելույթներդ, քան ռիսկի դիմես՝ վտանգով, որ կարող ես բաց թողնել 1-2 ամիս։ Փառք Աստծո, հիմա ամեն ինչ նորմալ է, ինձ լավ եմ զգում և 100 %-ով պատրաստ եմ Ղազախստանի դեմ խաղին»։

Հարցին, թե ինչպես դարձավ «Մանչեսթր Յունայթեդ»-ի առանցքային ֆուտբոլիստ, Հենրիխը պատասխանեց․

«Առանց դժվարությունների այս կյանքում ոչինչ չի լինում։ Ես գիտեի՝ վաղ թե ուշ իմ հնարավորությունը կստանամ։ Սպասեցի իմ հնարավորությանը, լավ աշխատեցի և ստացա այդ հնարավորությունը։ Հիմա թե ինչ դեր եմ խաղում թիմում, կարևոր եմ թե ոչ, ինձ համար էական չէ, ես փորձում եմ օգնել թիմին՝ դառնալով թիմի մի մասնիկը»։

Հարցին, արդյոք Հայաստանն աշխարհում ներկայացնելն ավելորդ լարվածություն չի ստեղծում իր համար, Մխիթարյանը պատասխանեց.

«Դրան ուշադրություն չեմ դարձնում, ավելի շատ կենտրոնանում եմ խաղիս վրա, քանի որ եթե կենտրոնանամ Հայաստանը ներկայացնելու վրա, բայց վատ ֆուտբոլ խաղամ, ոչնչի չեմ հասնի։ Ցանկանում եմ անել հնարավորինս՝ լավ հանդես գալու և Հայաստանն արժանի ներկայացնելու համար»։

2505 | 3
Facebook