Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱԱԾ հայտարարությունը կարող է խոշոր սկանդալի վերածվել Հայաստանի և Վրաստանի միջև». Արգիշտի Կիվիրյան

13:30, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«ԱԱԾ հայտարարությունը կարող է խոշոր սկանդալի վերածվել Հայաստանի և Վրաստանի միջև». Արգիշտի Կիվիրյան

Համաձայն ԱԱԾ-ի հաղորդագրության, ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին» հայտարարությունը տարաբնույթ կարծիքների և մեկնաբանությունների տեղիք տվեց: Համացանցում ևս ակտիվորեն շոշափվում է այս թեման:
     Վրաստանից Հայաստան տեղափոխվող «Իգլայի» լուրը շատ կասկածներ է առաջ բերում, հատկապես այն պարագայում, երբ երեկ, Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտարարեց, թե «առայժմ հաստատ չենք կարող ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Հայաստան է տեղափոխվել Վրաստանից»:
     Այսինքն, դեռ ամեն ինչ պարզ չէ, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շտապել է հայտարարել, որ այն Վրաստանի Հանրապետությունից է բերվել:
     Ֆեյսբուքյան օգտատեր, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դիտարկմամբ, ԱԱԾ հայտարարությունը կարող է վերջում վերածվել խոշոր սկանդալի Հայաստանի և Վրաստանի միջև` շատ հեռուն գնացող հետևանքներով: ««Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը դա սովորական զենք չէ, քանի որ այն կիրառվում է ինքնաթիռներ և ուղղաթիռներ խոցելու համար, և կարող է խոցել թիրախը 6 կիլոմետր հեռավորության և 3.5 կիլոմետ բարձրության վրա: Այն պատկանում է այն զենքերի տեսակին, որոնք մշտապես գտնվում են գերտերությունների հսկողության տակ. դրա ամեն տեսակի առքուվաճառքը կամ տեղաշարժը տարբեր լեգալ և ոչ լեգալ մեխանիզմներով, գտնվում են տոտալ վերահսկողության տակ, քանի որ թե այն ընկնի այս կամ այն ահաբեկչական խմբավորման ձեռքը, ապա կարող է պատճառել ծանրագույն հետևանքներ: Այսինքն մենք գործ չունենք, ասենք սովորական ինչ-որ ատրճանակի կամ ինքնաձիքի հետ»,- գրել է Կիվիրյանը:
     Նրա խոսքով, այս պարագայում, երբ Հայաստանի ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ «Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխվել» այդ զենքը, ինքը փաստացի ներկայացրեց ծանրագույն մեղադրանք Վրաստանին. «Մեղադրանք այն մասին, որ այդ պետությունն անկարող է վերահսկել իր տարածքով տեղափոխվող այդ կարգի զենքը, ինչը կարող է առաջացնել բավականին ծանր հետևանքներ Վրաստանի համար Արևմտյան գործընկերների կողմից, քանի որ վերջինների աչքերում Վրաստանը վերածվում է մի երկրի, որի տարածքով ահաբեկչական խմբավորումները հանգիստ կերպով կարող են իրականացնել այդ կարգի զենքերի տրանզիտը»:
     Ա. Կիվիրյանը կարծում է, որ սա շատ ծանրագույն հարված է Վրաստանին, ինչին ի պատասխան Թբիլիսին կարող է իրականացնել բազմաթիվ հակահարվածներ Հայաստանի ուղղությամբ` սկսած նրանից, որ իսպառ արգելի իր տարածքով զենքի ներկրումը Հայաստան:
     «Այնպես որ, Հայաստանի ԱԱԾ-ն, եթե գործ էր սարքում, ապա դա կարող էր փորձել անել շատ ավելի պրոֆեսիոնալ կերպով` չխառնելով այդ գործին Վրաստանին»,- եզրափակել է վերլուծաբանը:
     Հիշեցնենք` 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երեք անձ ձերբակալվել է, նրանցից մեկը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է:

5031 | 1
Facebook