Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ազատազրկելու և լռեցնելու են նրանց, ովքեր դեմ են տարածքների հանձնմանը». Ազատ Արշակյանը` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

17:15, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Ազատազրկելու և լռեցնելու են նրանց, ովքեր դեմ են տարածքների հանձնմանը». Ազատ Արշակյանը` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՕՐՕ դաշինքի անդամ Ազատ Արշակյանը:
    
    
- Պարոն Արշակյան, երեկ ձերբակալվեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: ԱԱԾ-ի հայտարարությունից պարզ է դառնում, որ դա «Իգլա»-ի տեղափոխման հետ է կապված, սակայն որոշ շրջանակներում կարծում են, որ պատճառը ներքաղաքական է, կապված՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին աջակցելու հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:
    
    
- Սամվել Բաբայանի նկատմամբ այս գործողությունն ակնհայտ հակադաշինքային էր, որն ուղղված էր Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի դեմ, սա հալածանք է դաշինքի դեմ, հատկապես` Սամվել Բաբայանի: Նրանք հալածել են, կրակել են, դանակահարել են, խոչընդոտել են, ճանապարհ են փակել, հիմա էլ պետք է ձերբակալեն և զինանոցի բոլոր մեթոդներն օգտագործվելու են դաշինքի դեմ:
    
     - Այնուամենայնիվ, ընտրություներից առաջ նրան մեկուսացնելն ի՞նչ պատճառներ կարող է ունենալ: Հնարավո՞ր է իշխանությունն զգուշացել է Բաբայանի այն խոսքերից, երբ Ջրառատի դեպքերից հետո ասել էր «եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու»:
    
    
- Դաշինքի համակիրները դանակահարվեցին, դա քի՞չ է: Այսինքն` Սամվել Բաբայանը ոչ թե սպառնացել է, այլ արձանագրել է իրավիճակը: Արձանագրել է, որ կլինի դիմադրություն, իսկ Սամվել Բաբայանին ձերբակալելով` նպատակ կա դաշինքը թուլացնել: Դրանով ցույց տվեցին, որ ոչ մեկի առաջ կանգ չեն առնի:
     Ես ուզում եմ մի բան ասել՝ այդ մարդիկ ազատազրկելու են, վերացնելու են, լռեցնելու են բոլոր նրանց, ովքեր Ղարաբաղը չեն հանձնելու, բոլոր նրանք, ովքեր որ դեմ են պարտվողականությանը, նրանք մեկուսացվելու են: Սամվել Բաբայանի օրինակը դրա վառ օրինակն էր: Առաջ են շարժվում, ասպարեզ են ստանում բոլոր նրանք, ովքեր ուզում են հանձնել, ովքեր չեն ուզում հանձնել, պետք է հեռացվեն ասպարեզից: Բաբայանն ամենակարևոր դեմքերից մեկն է, որը որ պատրաստ է պայքարել Ղարաբաղի համար:
    
     - Սպասելի՞ էին նման զարգացումները:
    
    
- Ցավոք սրտի՝ սպասելի էին: Ես վստահ եմ, որ իշխանությունը կորցրել է ռեալության զգացումը, իրենք չգիտեն, որ այդպես չի կարելի և լավ կլինի հանձնեն իշխանությունը, ոչ թե կորցնեն, իսկ նրանք գնում են կորստի, բոլոր այդ քայլերը բերելու են իշխանության կորստի: Իրենք կարծում են, որ իշխանությունն իրենց սեփականությունն է, իրենց կալվածքն է, իրականում Հայաստանն անկախ ժողովրդավարական պետություն է և պարբերաբար իշխանությունը պետք է փոխվի, այդ թվում և իրենք, պետք է հեռանան:
    
     - Մամուլում լուրեր են շրջանառվում, որ այս համատեքստում հնարավոր է նաև Սեյրան Օհանյանի ձերբակալությունը, ի՞նչ կասեք:
    
    
- Նրանց ձեռքին որ ճար լինի, Տիգրան Մեծին էլ կձերբակալեն կամ անունը կջնջեն: Նրանցից ամեն ինչ սպասելի է: Դա ցանակալի չէ, դա կոպիտ սխալ է, դա անընդունելի է, բայց նրանք դա անում են:
    
     - Կարծիքներ կան, թե ՕՐՕ դաշինքին բացարձակապես չի հուզում քանի տոկոս են իրենք հավաքելու ընտրություններում: Նրանց նպատակն ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ կազմակերպելն է: Ըստ Ձեզ, ի՞նչն է հիմք տվել նման հայտարարություններ անելու:
    
    
- Ի՞նչ կարիք կա զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մի՞թե այդքան ցածր, վատ կարծիք ունեն մեր ժողովրդի մասին: Ինչպե՞ս կարելի է ժողովրդին հրահրել և տանել անկարգության, այդպիսի բան չկա, դա անհնար է: Եթե լինեն զանգվածային բողոքի ցույցեր, դա արդեն ժողովրդի հետ իրենք գործ ունեն: Եթե ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները զանգվածային դժգոհ լինեն իշխանությունից՝ իրենց իրավունքն է, ինչ ուզենան, կանեն:
    
     - Այսպես շարունակվելու դեպքում, ի՞նչ կարելի է սպասել:
    
    
- Այն սվինները, որոնց վրա իրենք նստած էին, որոնցով իրենց աթոռները պահում էին, դա եվրասիական սվիններն էին: Դրանք այլևս իրենց չեն պաշտպանում: Այնպես որ, նրանք չեն կարող մնալ Հայաստանի իշխանությունում: Ով նրանց իշխանության է բերել, այլևս չի պաշտպանում, իսկ հայ ժողվուրդը նմաններին չի կարող տանել, դուրս կշպրտի իշխանությունից՝ այսօր, թե վաղը, միևնույն է, պետք է հեռանան իշխանությունից և պետք է պատասխան տան իրենց արարքների համար:
     Այսպիսով, Սամվել Բաբայանի ձերբակալությունը հերթական պլանավորած սցենարն էր՝ իշխանության դիմաց Ղարաբաղը հանձնելու համար: Նրանք դրա համար են պայքարում՝ հանձնել Ղարաբաղը և դրա դիմաց ստանալ իշխանություն:

5534 | 1
Facebook