Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը». Մարկոս Պիզելի

16:20, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը». Մարկոս Պիզելի

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, ով 2014-2015 թվականներին հանդես է եկել ղազախական «Ակտոբե»-ի կազմում, վերհիշել է այդ տարիները։ Խոսելով ղազախական ֆուտբոլի մակարդակի մասին՝ Պիզելին նշել է.

«Շատ զարմացած էի ղազախական ֆուտբոլի մակարդակից, երբ նոր էի տեղափոխվել այնտեղ: Ղազախստանում կային 4-5 իրապես ուժեղ թիմեր, որոնք ունեին բոլոր պայմանները՝ բարձրակարգ ֆուտբոլիստներ և մարզիչներ հրավիրելու համար: Այնպես որ, իմ կարծիքով, մակարդակը բավականին բարձր է, հատկապես առաջնության երկրորդ հատվածում, երբ լավագույն 6 թիմերը մրցում են միմյանց հետ: Ինձ թվում է՝ «Աստանա»-ն ապացուցեց, որ ակումբային ֆուտբոլի մակարդակը Ղազախստանում բավականին բարձր է՝ երկու տարի անընդմեջ նվաճելով համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերի ուղեգիր: Ղազախստանի հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնց հետ խաղացել ես: Միայն 5 ֆուտբոլիստ, ում հետ խաղացել եմ «Ակտոբե»-ում, կարծում եմ, հիմա էլ կլինեն կազմում: Դրական կողմն այն է, որ ես գիտեմ նրանց հնարավորությունները, բայց նրանք էլ իմ կարողություններին են ծանոթ: Կարծում եմ՝ նրանցից Ստաս Պոկատիլովը, Յուրի Լոգվինենկոն և Սերգեյ Զինչենկոն կարող են խաղալ մեր դեմ»,- նշել է Պիզելին՝ ՀՖՖ-ին տված հարցազրույցում։

Խոսելով առաջիկա խաղից իր ակնկալիքների մասին՝ Մարկոսը նշել է.

«Ինձ համար շատ հետաքրքիր կլինի նրանց դեմ խաղալը, քանի որ Ղազախստանում լավ ժամանակահատված եմ ունեցել և գիտեմ ֆուտբոլիստներից շատերին: Բացի դրանից, Չերնոգորիայի հետ հանդիպումից հետո սա առաջին խաղն է: Մենք շատ մոտիվացված ենք և ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը: Մենք խաղում ենք տանը, և Արթուր Պետրոսյանը նույնպես ուզում է վերադարձնել մեր հավաքականի լավագույն խաղը: Կարծում եմ՝ Ղազախստանն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է՝ նախորդ խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Ինձ թվում է, որ փոքր մանրուքները կարող են որոշիչ դառնալ ղազախների հետ դիմակայությունում»։

2788 | 0
Facebook