Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե «Ծառուկյան» դաշինքը «Ելք» դաշինքից ավելի շատ ձայն հավաքի, գրեթե համոզված եմ, որ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ». Փաշինյան

12:05, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Եթե «Ծառուկյան» դաշինքը «Ելք» դաշինքից ավելի շատ ձայն հավաքի, գրեթե համոզված եմ, որ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ». Փաշինյան
     «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «որևէ պարագայում, որևէ զարգացման դեպքում, որևէ կերպ, որևէ անունով, «Ծառուկյան» դաշինքն այս իշխանության հետ կոալիցիա չի կազմելու: Սա հստակ է: Քաղաքական միակ ուժը, որի հետ «Ծառուկյան» դաշինքը չի գնալու որևէ համագործակցության` կլինի անունը կոալիցիա, ազգային համաձայնության կառավարություն, ազգային եղբայրության համադաշնություն, թե ինչ, դա ՀՀԿ-ն է»,- ասել էր նա:
     Դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, սակայն, երեկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիա կազմել անգամ Հանրապետականների հետ. «Ասել եմ՝ առաջինը 15 կետերն են: Եթե իմ գործընկերները, կոալիցիա կազմողները կհամաձայնվեն, որ իմ 15 կետերը կատարվեն՝ ուրեմն կկազմեմ, եթե չէ՝ ուրեմն ոչ մեկի հետ էլ չեմ կազմի»,- ընդգծել է նա:
     Այս իրարամերժությունը քննարկումների թեմա է դարձել համացանցում: Շատերն արդեն կանխատեսումներ են ներկայացնում հետընտրական զարգացումների հետ կապված` հիշեցնելով նաև Նիկոլ Փաշինյանի` օրեր առաջ «Հեռանկարի» եթերում հնչեցրած վերլուծությունը. «Վերլուծությունները ցույց են տալիս, որ մեծ է հավանականությունը (95,5%), որ ԱԺ-ում կլինեն միայն երեք ուժեր` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը: Եթե ընդդիմադիր հայացքներ ունեք, պետք է քվեարկեք «Ելք»-ին, որովհետև ընդդիմադիր մյուս ուժերն ԱԺ-ում լինելու հնարավորություն չունեն ու ձեր ձայնը կփոշիանա: Կա նաև հաջորդ տրամաբանությունը. եթե «Ծառուկյան» դաշինքը «Ելք» դաշինքից ավելի շատ ձայն հավաքի, գրեթե համոզված եմ, որ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: Իսկ եթե «Ելք»-ն ավելի շատ ձայն հավաքի, քան Ծառուկյանը, էդ պարագայում, ըստ էության կստացվի, որ մենք հնարավորություն կունենանք փոխել իրավիճակն ու իշխանափոխություն անել»,- շեշտել էր պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով ընտրողներին լրջորեն մոտենալ այս հարցին:
4783 | 13
Facebook