Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե նայում ենք բոլոր ուժերին, նրանք ոչինչ չեն առաջարկում, ընդամենը «կենացի» կարգով` «լավ կլինի» են ասում». Սամվել Մարտիրոսյան

15:35, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Եթե նայում ենք բոլոր ուժերին, նրանք ոչինչ չեն առաջարկում, ընդամենը «կենացի» կարգով` «լավ կլինի» են ասում». Սամվել Մարտիրոսյան

«Գնահատականներ և դիտարկումներ քարոզարշավի ընթացքին» թեմայով քննարկման ժամանակ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց դիտարկումների արդյունքները. «Տարիներ շարունակ, անկախացումից ի վեր, քաղաքական էլիտաներն անընդհատ աշխատել են քաղաքական դաշտն ապաքաղաքականացնելու վրա: Եվ մենք հասել ենք մի իրավիճակի, երբ հասարակությունը նույնիսկ ի վիճակի չէ շատ լուրջ քաղաքական և տնտեսական պլատֆորմներ ընկալել և եթե նայում ենք բոլոր ուժերին, նրանք կա´մ ոչ մի բան չեն առաջարկում, ընդամենը «կենացի» կարգով` «լավ կլինի», կա´մ, ասենք, ինչ-որ կետ են վերցրել` խաղաղություն, ներդրումներ և այլն»:
     Մարտիրոսյանի խոսքով, կուսակցությունները բավականին ուշ սկսեցին «գցել-բռնել», թե իրենք ինչ են ուզում առաջարկել. «Մարտի 5-ին նոր սկսեցին մեդիայով կամ համացանցով ծրագրեր առջարկել: Կա´մ շեշտը դրվում է անձանց վրա, կա´մ երկու-երեք կետ են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարդկանց փորձում են գրավել 1-2 կետով: Կետերից մեկը կարող է լինել, օրինակ՝ կարմիր գծերի վերացումը: Չեմ կարծում, որ որևիցե մի քաղաքական ուժ կարող է նման պլատֆորմներով առաջ գալ, որովհետև դա նման է նրան, երբ ամուսնանալուց առաջ ամեն ինչից առաջ պայմանավորվեն, թե կոճակները պոկվելիս ով է կարելու՝ կի՞նը, թե՞ ամուսինը: Իսկ ցանցում բոլորն աշխատում են իրենց դրական կերպար ստեղծելու վրա»:
     Մեդիա փորձագետի համար տարօրինակ է հատկապես ցանցում «նեգատիվի կտրուկ անկումը»: Համեմատական անցկացնելով նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ, վերջինն ասաց, որ եթե այն ժամանակ հակառակորդին վարկաբեկելու համար նախօրոք պատրաստված ահռելի քանակի նյութեր էին տեղադրվում համացանցում, այս անգամ մեծ աշխատանք է տարվում սեփական պոզիտիվ կերպար ստեղծելու վրա: «Այդ առումով, եթե անդրադառնանք ֆեյքերին, 2013-2014 թվականների հետ համեմատած, շատ ավելի քիչ է կիրառվում այդ մեխանիզմը: Այս ընտրություններում կուսակցությունները հատկապես շատ մեծ տեղ են տալիս երիտասարդ ակտիվին ներգրավելուն»,- նկատեց բանախոսը:
     Այդուահանդերձ, Ս. Մարտիրոսյանը նշեց, որ «Հանրապետական» կուսակցությունն անխնա է օգտագործում ցանցը: Վերջինը կարծիք հայտնեց, որ դեռ ժամանակ կա և մյուս կուսակցություններն էլ կակտիվանան համացանցային պայքարում:

2572 | 1
Facebook