Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս իրադարձությունը կարող է լինել երրորդ հանրապետության վախճանը և չորրորդ հանրապետության հիմնադրման սկիզբը». Լևոն Շիրինյանը` «Հաց բերողի» մահվան մասին

17:15, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
«Այս իրադարձությունը կարող է լինել երրորդ հանրապետության վախճանը և չորրորդ հանրապետության հիմնադրման սկիզբը». Լևոն Շիրինյանը` «Հաց բերողի» մահվան մասին

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը` պատասխանելով հարցին, թե «Հաց բերողի» մահը հնարավո՞ր է նախընտրական Հայաստանում իրավիճակ փոխի, կարծիք հայտնեց, որ բնականաբար, տեղի ունեցածը մարդկանց տրամադրություների վրա ազդելու է: «Այս իրադարձությունը կարող է լինել երրորդ հանրապետության վախճանը և չորրորդ հանրապետության հիմնադրման սկիզբը, քանի որ մեզ արդեն չորրորդ հանրապետություն է պետք, երրորդն իրեն սպառել է»:
     Մեր զրուցակցի խոսքով` այս դժվարին տարիներին Արթուր Սարգսյանը մեր խղճի առաքյալը դարձավ: «Նա Հայաստանի արժանապատվությունն է. «Հաց բերող» ի՞նչ է նշանակում. սա հումանիզմ է չէ՞, մարդասիրություն: Եթե որևէ մեկի վրա չի ազդել նրա մահը, ուրեմն այդ մարդն անասուն է, եթե նույնիսկ դահիճ էլ է, միևնույն է, պետք է որ մարդկային հատկանիշներ ունենա»:
     Շիրինյանը նշեց, որ Արթուրի մահվան համար մեղավորները պետք է օրենքի առաջ պատասխան տան, պատժվեն ինչպես հարկն է, իսկ այդ գործով հետաքննության մեջ պետք է ներգրավվեն ոչ հայաստանյան իրավապահներ. «Ավելին, պետությունը նրանց բոլորի ունեցվածքը պետք է բռնագրավի»,- նշեց նա:
     Դիտարկմանը` միգուցե ժողովո՞ւրդն էլ ունի իր մեղքի բաժինը, որ չկարողացավ ինչպես հարկն է պաշտպանել Արթուր Սարգսյանին, Շիրինյանը կարծիք հայտնեց, որ ժողովուրդն իրենից հասնող ամեն ինչ արել և անում է. «Ժողովուրդը չի կարող ամեն օր ցույց անել, տասնյակ տարիներ ոտքի վրա մնալ, այն էլ այս աղքատ ժողովուրդը, որ հազիվ ապրուստի հարց է լուծում»:
     Այնուամենայնիվ, քաղաքագետը նկատեց, որ իրավիճակն արդեն փոխվել է և դեռ շատ բան կփոխվի: «Երբեք չի մոռացվի ո´չ Սարի թաղը, ո´չ «Սասնա ծռերը»: Ժողովուրդը միշտ էլ կանգնել է` և´ ապրիլյան պատերազմին, և´ «Սասնա ծռերի» համար և Սարի թաղի: Դրանից ավել ի՞նչ անի»:
     Նշենք, որ արդեն քանի օր է` քաղաքացիներն Ազատության հրապարակում ի հիշատակ Արթուր Սարգսյանի, բողոքի ցույց են անում՝ պահանջելով պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ արդարադատության նախարարին: Նրանց կարծիքով, գործող համակարգն է իր անարդար որոշումներով սպանել «Հաց բերողին»:
     Հիշեցնենք, որ ի սկզբանե, ցուցարարները պահանջում էին Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում, ինչը մերժվեց կառավարության կողմից:

4942 | 1
Facebook