Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երգի մեջ չկա հիթային մեղեդի, զգացմունք, դինամիկա, թույլ է նաև գործիքավորումը». հայտնիները` «Եվրոտեսիլ»-ի հայաստանյան երգի մասին

16:35, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
«Երգի մեջ չկա հիթային մեղեդի, զգացմունք, դինամիկա, թույլ է նաև գործիքավորումը». հայտնիները` «Եվրոտեսիլ»-ի հայաստանյան երգի մասին
     Երկու օր առաջ տեղի ունեցավ «Եվրոտեսիլ 2017»-ի հայաստանյան երգի պրեմիերան: Այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգը կարծես թե այդքան էլ մեծ ոգևորությամբ չընդունվեց հանդիսատեսի կողմից: MAMUL.am-ի թղթակիցը երգի մասին խոսել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:
     Երգչուհի Ջուսի կարծիքով` այս տարվա մեր երգը թույլ է: «Կարծում եմ` այս տարի մեր երգն ամեն առումով թույլ է: Այս երգի մեջ ես չտեսա հիթային մեղեդի, չկա զգացմունք և դինամիկա, նաև թույլ է արված գործիքավորումը: Չկա զարգացում, չտեսա ճիշտ երաժշտական կոմերցիոն թույն և հիթային կրկներգ: Տեսահոլովակում անհասկանալի էր նաև պարային բեմադրությունը, ինչ էին ուզում ասել այդ շարժումներով: Հագուստն էլ վաղուց արդեն շատ տեսահոլովակներում օգտագործվել է: «Եվրոտեսիլ»-ը պահանջում է վառ շոոու, հիթային, ուժեղ երգ: Ցավոք, այս տարի երգը չի հասնում այդ չափանիշներին: Իսկ Արծվիկի հետ կապված կասեմ, որ նա լավ երգչուհի է»:
     Երգիչ Էրիկի կարծիքով էլ այս մրցույթն անկանխատեսելի է, և երբեք չես կարող ասել` ինչն է այնտեղ ճիշտ, ինչը` սխալ: «Հուսով եմ, որ այս տարի մենք չենք սխալվել, լավ երգ ենք ուղարկում, լավ մասնակցի հետ միասին: Սպասենք լավ արդյունքների: Պետք է քաջալերել մեր մասնակցին:
     Վատ երգ առհասարակ չի լինում, լինում է երգ, որն ակտուալ է ինչ-որ թեմայի շուրջ և ոչ ակտուալ: Այս մրցույթում որևէ ակտուալ թեմա չկա: Վառ օրինակ` Ջամալայի երգը: Շատ մեծ կապ ունի շոուն: Երբ շոուն քեզ դուր է գալիս, անկախ քեզնից երգն էլ ես մի կողմ դնում ու սկսում ես քվեարկել: Հուսով եմ, որ թե′ շոուն, թե′ երգը համահունչ են լինելու: Արծվիկն էլ լավ երգչուհի է, լավ կկատարի: Պարտադիր չէ, որ ամեն տարի դուդուկ, զուռնա ներկայացնենք: Եվրոպային այսօր հետաքրքիր է այսօրվա երաժշտությունը»:
     Էրիկի հետ խոսեցինք նաև իր համար այս տարվա նախընտրելի երգերից. «Իմ համար ֆավորիտների մեջ մնում են միանշանակ շվեդները: Նրանք այսօր ամբողջ աշխարհին են թելադրում երաժշտություն: Շատ եմ հավանում պորտուգալացուն, որպես երաժշտություն, իտալացին է շատ յուրահատուկ, նորվեգացին, բելգիացին, ավստրալացին»:
     Խոսեցինք նաև «Դեպի Եվրոտեսիլ»-ի ժյուրիի անդամներից Հայկոյի հետ: ««Եվրոտեսիլի» երգերի շուրջ միշտ էլ քննադատություններ եղել են, ինչպես և այս տարի: Դա նորմալ է, որովհետև մենք գործ ունենք ճաշակի հետ, իսկ ճաշակը միանշանակ չի կարող լինել: Լիլիթն, ով գրել է Արծվիկի երգն, արդեն փորձ ունի «Եվրոտեսիլ»-ում և թե′ Արամ MP3-ի, թե′ Իվետա Մուկուչյանի երգերը փայլել են այդ բեմում: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս երգն էլ սիրվելու է եվրոպական հանդիսատեսի և հեռուստադիտողի կողմից: Արծվիկն ինձ համար փայլուն արտիստ է, մարդ, ով մեծ փորձ ունի, ով մասնակցել է բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև` ռուսական «The voice»-ին: Արծվիկի երգը յուրահատուկ է և տարբերվող: Անձամբ ես կանգնած եմ լինելու իր կողքին և երկրպագելու եմ Հայաստանի թիմին: Արծվիկ, մենք քեզ հետ ենք»,- եզրափակեց Հայկոն:
«Երգի մեջ չկա հիթային մեղեդի, զգացմունք, դինամիկա, թույլ է նաև գործիքավորումը». հայտնիները` «Եվրոտեսիլ»-ի հայաստանյան երգի մասին
10451 | 6
Facebook