Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժի անունից պապային փոխանցում են, որ եթե չդադարեցնեմ ցույցերը, գլուխս կուտեն». Շահեն Հարությունյան

11:20, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
«Սերժի անունից պապային փոխանցում են, որ եթե չդադարեցնեմ ցույցերը, գլուխս կուտեն». Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ֆեյսբուքյան իր էջում պաշտպանյալի միջոցով հայտարարություն է տարածել.
     «Արդեն քանի օր է` Շահենը ցույցեր է կազմակերպում Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի համար: Սերժ Սարգսյանը նույնքան օրեր Շանթ Հարությունյանին լուրեր է ուղարկում, անգամ օրը մի քանի անգամ, որ եթե Շանթը հետ չպահի Շահենին, և նա չդադարեցնի ցույցերը, սպառնում է սպանել նրան: Շանթն էլ պատասխանել է, որ նա իր որդուն` Շահենին պայքարից երբեք հետ չի պահի` քաջ գիտակցելով, որ ՍՍ-ն, երբ հարմար և անպատիժ հնարավորություն ունեցավ, կսպանի և Շանթին, և նրա որդուն:
     Շանթ Հարությունյանի ձերբակալման օրը ՍՍ-ի թիկնազորի նախկին պետ Վաչե Ղազարյանը ոչ միայն Շանթի գլխին էր ատրճանակ պահել, այլև սպառնացել էր, որ Շահենին հոր աչքի առաջ կսպանի` կտոր-կտոր անելով: Ուղղակի այն ժամանակ աղմուկը մեծ էր, և այլ հանգամանքներ խանգարեցին դա անել: Այդ նույն օրերին ԿԳԲ-ում գտնվելու ժամանակ ԿԳԲ-ի բանտի պետ Արամ Զաքարյանը նույնպես սպառնացել էր, թե Շանթի կինն ու որդին կտուժեն, կվնասվեն: Ու երբ Շանթն ասել էր, որ կին չունի, պետը դրանից հետո սպառնացել էր արդեն Շահենին, որ Շանթն իրեն այնպես պահի, որ որդին չտուժի, մեղք է:
     Հիմա իշխանությունն ու աթոռը պահելու խնդիր է առաջացել: Բնական է, ՍՍ-ն օրեր առաջ վազեց Մոսկվա և վերադառնալուց անմիջապես հետո նախ սպանվեց Արթուր Սարգսյանը, այժմ էլ ՍՍ-ն իր կամակատարների միջոցով, ինչպես նշեցի, ամեն օր սպառնում է սպանել Շանթի որդուն: Երբ վերլուծում ենք, թե ինչու է նա այդպես բացահայտ ձևով սպառնում, ակնհայտ է դառնում երկու հանգամանք: Առաջինը, որ Մոսկվան անպատժելիության երաշխիքներ է տվել և երկրորդը, ցանկանում է Շանթին ինֆարկտի կամ այլ միջոցներով սպանել: Մի բան լավ իմացեք, որքան էլ, որ ԿԳԲ-ն և ՍՍ-ն վստահ են հայ ժողովրդի վախկոտ ու լուռ անտարբերության վրա, միևնույնն է, նրանք անպատիժ չեն մնալու: Որովհետև միջազգային հանրությունը ոչ միայն բացահայտելու է այս ամենը, այլև պատժելու է Սերժին իր մանկլավիկների հետ միասին` Հաագայի դատարանում:
     Այս հայտարարության պատասխանատվությունը կրում է Շանթ Հարությունյանը և այն թող դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին»:
     Այս մասին Շահենը ևս քիչ առաջ «Ֆեյսբուք»-ում հայտարարություն է տարծել․ «Ես այլևս ինձ տանը չեմ պատկերացնում: Ինչ ուզում եք գրեք, ասեք, երգեք, նվագեք։ Բոլորով ուղղված են, որ կոտրեն ինձ ու ընկերներիս։ Պապային են բանտում Սերժի անունից փոխանցում, որ եթե չդադարեցնեմ ցույցերը, գլուխս կուտեն և այլ նմանատիպ բաներ։ Ամեն օր խաղաղ անհնազանդություններ եմ իրականացնելու, թեկուզ լինեմ մենակ, տասը հոգով, հազար թե միլիոն հոգով։ Արթուրի սպանությունը չեմ թողնելու, որ անցնի ու գնա։ Վրեժ եմ լուծելու և հենց փողոցում։ Թքած ունեմ բոլոր մեղադրանքների վրա։ Ես ապրում եմ արժանապատվությամբ ու չեմ հանդուրժելու Հաց Բերողի սպանությունը:
     Այսօր` 18:00 Ազատության հրապարակ:
     Հ.Գ. Ով իսկապես ուզում է կտրուկ քայլերով պայքար, թող գա Օպերա՝ չվախենալով ճնշումներից, բռնություններից, ոստիկանական հարձակումներից և բաժիններից»,- գրել է նա։

27300 | 10
Facebook