Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` բանակին մատակարարված անորակ վառելիքի հարցը կապում են Սեյրան Օհանյանի անվան հետ` «հարվածի ուղղությունը փոխելու համար»

18:05, չորեքշաբթի, 15 մարտի, 2017 թ.
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` բանակին մատակարարված անորակ վառելիքի հարցը կապում են Սեյրան Օհանյանի անվան հետ` «հարվածի ուղղությունը փոխելու համար»

Վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել է ապրիլյան պատերազմի օրերին բանակին մատակարարված անորակ վառելիքի խնդրին: Նա նշել է, որ բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Կարեն Կարապետյանի այս հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, որ ակնարկը վերաբերվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
     ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, դա չի եղել ակնարկ, ինչպես ոմանք են ներկայացնում, պարզապես Կարեն Կարապետյանը բարձրաձայնել է այն, ինչը մեր երկրում չի կարելի բարձրաձայնել: «Ի՞նչ կապ ունի Սեյրան Օհանյանը, եթե Արցախն ունի պաշտպանության նախարար: Այնտեղի բանակի մատակարարումն Արցախի ղեկավարությունն է իրականացնում, Արցախն ունի նախագահ, Պաշտպանության նախարարություն…, Երևանում նստած, Սեյրան Օհանյանը պետք է գնար լաբորանտին մի կողմ հրեր և վերցներ, վառելիքի հետազոտությո՞ւն կատարեր»,- զարմացավ Եղիազարյանը` հավելելով, որ Ս. Օհանյանի անունն են շրջանառում, քանի որ ուզում են «հարվածի ուղղությունը փոխել»:
     Մեր զրուցակիցը հարց բարձրացրեց, թե ինչպես եք պատկերացնում, որ Սամվել Բաբայանի օրոք, երբ բանակը նրա ենթակայության տակ էր, հանկարծ ամենավատ զորամասում որևիցե տեխնիկայի շարժիչը չաշխատեր« դա բացառված էր. այդ կարգուկանոնի շնորհիվ մենք հասանք հաղթանակին»,- վստահեցրեց նա:
     Այնուհանդերձ, ինչո՞ւ հենց այս օրերին` ընտրությունների շեմին, բարձրացվեց այս խնդիրը: Արդյոք սրանով վարչապետը չի՞ ուզում ստվեր գցել ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի հեղինակության վրա` հարցին, Գ. Եղիազարյանն ասաց. «Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը դրա համար է ասել: Ես, օրինակ, դրա մեջ տեսնում եմ թուրքական հետախուզության հետքը, որովհետև նման վառելիք միայն մեկ ճանապարհով է հնարավոր ներկրել: Կարող է թուրքական հետախուզությունը կաշառած լինի այդ ներկրողներին, բերեն դա, որ մեր մարտական տեխնիկան չաշխատի»,- տեսակետ հայտնեց նա:
     Իսկ թե ինչու է Սեյրան Օհանյանն իր վրա վերցրել վարչապետի հայտարարությունը, քանզի խոսակցություններ են շրջանառվում, որ նա իր շրջապատում ասել է` եթե փորձեն իր վրա բարդել վառելիքի հարցը, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի, ԱԱԾ նախկին փոխնախարարն ասաց, որ դա այդպես չէ. «Իրականում նա իր վրա ոչինչ չի վերցրել: Ձեր կարծիքով, Սեյրան Օհանյանին հայտնի չէ՞, թե ինչ է կատարվել, նա չգիտի՞, թե ով է այսօրվա շտաբի պետը: Մինչև վարչապետի հայտարարելը, Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը խոսեց տասնյակ միլիոնների մասին, որ գրպանել է այդ շտաբի պետը` Մովսես Հակոբյանը, որին այսօր առաջ են քաշել, խոսվեց նրա կողմից մի շարք չարաշահումների մասին … Տզրուկներից պրծում չկա: Այդ տզրուկներն արդեն ուղիղ հարվածում են մեր ազգային անվտանգությանը: Սա կոնկրետ դիվերսիա է հայ ժողովրդի դեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը:
     Վերջինի խոսքով, այս ամենի գլխավոր մեղավորը Սերժ Սարգսյանն է, ով հասկանալով իրավիճակը, ժամ առաջ պետք է հրաժարական տա, լքի Հայաստանի Հանրապետությունը: «Բավական է` սա հեռանա, կտեսնեք, թե խուլիգանները ոնց են կարգի հրավիրվելու, դառնալու են մամայի բալաներ և տներից դուրս չգան, ծպտուններն էլ դուրս չի գալու… իրենց պապան չլինի, իրենք ո՞վ են»,- համոզված է Գուրգեն Եղիազարյանը:

4517 | 4
Facebook