Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Խուլիգանություն կատարողներին հրաման տվողները կա´մ գնդապետ են, կա´մ գեներալ». Գուրգեն Եղիազարյանը` Ջրառատի դեպքերի մասին

15:40, չորեքշաբթի, 15 մարտի, 2017 թ.
«Խուլիգանություն կատարողներին հրաման տվողները կա´մ գնդապետ են, կա´մ գեներալ». Գուրգեն Եղիազարյանը` Ջրառատի դեպքերի մասին

«Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքն անիշխանության հետևանք է: Դա մեկ բառով կոչվում է «բեզպրեդել»»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով կատարվածը, կարծիք հայտնեց ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
    
«Այսօր Սերժ Սարգսյանն իր քաղաքական մայրամուտին է, թեև ճիգեր կգործադրի իր կերտած «ապահով» Հայաստանում իշխանության մնալու համար: Նա այլևս չի կարողանում զսպել այն խուժանի վայրագությունները, որը ծեծում է, հայհոյում, սպանում, դանակահարում... ԱՄՆ դեսպանի շուրթերից արդեն հնչեցվել է, որ այս անգամ «քայլ առաջը» կարող է չճանաչենք, խելքի եկեք: Ուստի, հիմա խոսում են, թե ժողովրդավարությունն արդեն հաստատված է Հայաստանում, ուզում են այնպես անել, որ այն, ինչ լինում է, ժողովրդավարության շղարշի տակ լինի»,- շարունակեց Եղիազարյանը:
     Նա մեր օրերը համեմատեց կոմունիստական ժամանակաշրջանի հետ` նշելով, որ այն ժամանակ «չար երազում» անգամ հնարավոր չէր տեսնել, որ «խուժանն այսպես գլուխ բարձրացներ»: «Ձեր քննադատած կոմունիստական հասարակագում նման բան չկար, իսկ այսօր, ամեն տեղ` ծեծկռտուք, այլասերվածների խմբեր, որոնք ուղղակի թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ»,- դժգոհեց մեր զրուցակիցը` հավելելով, որ մի կողմից տեսնում ենք վարչապետի պայծառ կերպարը, մյուս կողմից` նրան հակադարձող խաժամուժին` «լավագույն» դրսևորմամբ` ծեծով, ջարդով, հայհոյանքով, սրիկայությամբ:
     Թե ինչու կրկին ասպարեզ եկան Երանոսյանները, քանզի Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները Սարի թաղի դեպքերից հետո դադրեցվել էին, Գ. Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի ստեղծած «ապահով» Հայաստանում պաշտոններ պետք է զբաղեցնեն հանցագործներն ու խուլիգանները: «Ողջ իշխանությունը հիմնված է այդ խաժամուժի վրա: Սարի թաղի դեպքերի հետ կապված` անմեղ տղաներին լցրեցին բանտերը, սարքեցին քաղբանտարկյալ, իսկ այդ Երանոսյան եղբայրները չդատապարտվեցին, փոխանակ նրանք բանտախցում լինեին»:
     Գ. Եղիազարյանի կարծիքով, կրքերը գնալով բորբոքվելու են, իսկ տեղի ունեցող դեպքերը ծնելու են նոր Սասնա ծռեր: «Հիմա բոլորի համար պարզ է, թե ինչու «Սասնա ծռերը» զենք վերցրեցին, որովհետև Հայաստանում իշխանափոխության այլ եղանակ չէր մնացել»:
     Մեր զրուցակցի խոսքով, ՀՀԿ-ն այս իրավիճակից դուրս գալու համար պետք է ազատվի Սերժ Սարգսյանի ծառայություններից: «Քանի դեռ նա իշխանության է, Հայաստանում միշտ էլ արյուն է թափվելու, որովհետև նա իսկապես չի տիրապետում, թե երկրում ինչ է կատարվում: Ես չեմ ասում, որ նա կողմանակից է այս արյունահեղությանը: Ո´չ, նա կողմնակից չէ, պարզապես, իրեն լսող չկա, նրա թիմն իրեն չի լսում… Ամենազարհուրելին այն է, որ խուլիգանություն կատարողներին հրաման տվողները կա´մ գնդապետ են, կա´մ գեներալ»:

3773 | 0
Facebook