Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այն, որ Ռուսաստանը զսպող գործիք է` ընդամենը մշակված պատասխանի ձև է, որը փորձում են հրամցնել մեր հանրությանը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

14:35, երեքշաբթի, 14 մարտի, 2017 թ.
«Այն, որ Ռուսաստանը զսպող գործիք է` ընդամենը մշակված պատասխանի ձև է, որը փորձում են հրամցնել մեր հանրությանը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ռուսաստանը թույլ չի տա, որ որևէ մեկը Հայաստանի վրա հարձակվի», «բացառված է, որ Ռուսաստանը ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել Հայաստանին»,- օրեր առաջ «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, այսպիսի հայտարարություններ է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահ, Ռուսաստանի ռազմավարական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը: Նա նաև նշել էր, որ Ադրբեջանին զենքի վաճառքն այսօր հանդիսանում է զսպող գործոն, որպեսզի զենքը չկիրառվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ:
     Պարզեցնելու համար այս արտահայտությունների նշանակությունը` MAMUL.am-ի թղթակիցը զրուցեցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
     «Նաումկինն ուրիշ պատասխան չուներ, քան ասել, որ միևնույն է, Ռուսաստանը փորձում է ամեն կերպ զսպել Ադրբեջանին և ամեն ինչ անում է, որպեսզի իր դաշնակից Հայաստանը, ռազմական առումով, խնդիրներ չունենա: Իմ մոտ տպավորություն կա, որ սա ռուսական փորձագիտական շրջանակներում ընդունված միակ պատասխան վարկածն է, թե ինչու է Ադրբեջանին Ռուսաստանը զենք վաճառում, որովհետև իրական պատասխան կամ իրական երաշխիքներ, որ Ռուսաստանը զսպող գործիք է, նրանք չունեն: Նրանք, պարզապես, կրկնում են այդ արտահայտությունը` ոչ միայն Նաումկինը, այլև բոլորն անխտիր: Նաումկինից առաջ Կիսելյովն էր դա ասում, մյուս գործիչները նույնպես, ես կարծում եմ, որ սա ընդամենը մշակված պատասխանի ձև է, որը փորձում են հրամցնել մեր հանրությանը»,- ասաց Հ. Շահնազարյանը:
     Քաղաքագետի խոսքով` իրականում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ զենքը ձեռք է բերում հենց հայկական պետությունների դեմ պատերազմելու համար, իսկ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում այդ գաղափարը: «Երկրորդ` Ռուսաստանն, իսկապես, եթե կարողանա ինչ-որ լծակներ օգտագործել պատերազմական գործողությունները կասեցնելու համար, ապա պետք է ասել, որ մինչ այս պահը դրա կիրառումը մենք մինչև վերջ չէինք տեսել»,- նշեց նա:
     Հ. Մ.-Շահնազարյանի ներկայացմամբ` ինքը Նաումկինի հետ անձամբ ծանոթ է դեռևս 2013 թվականից, և վստահաբար կարող է ասել, որ վերջինը համակրում է հայությանը և լավ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: «Թեպետ, նա ավելի շատ հույսեր էր կապում ռուս-թուրքական հարաբերությունների հետ, բայց միևնույն է, ունի համակրանք դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը, ուստի ասել է այն, ինչին ինքն անկեղծ ուզում է հավատալ, այսինքն` Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Հայաստանը խնդիրներ ունենա: Սակայն հասկանում ենք, որ Նաումկինը գիտաշխատող է և չի ներկայացնում պաշտոնական Ռուսաստանը կամ իրենց պաշտոնական քաղաքականությունը»:
     Քաղաքագետն այն կարծիքին է, որ Ռուսաստանն, անկախ ամեն ինչից, թույլ չի տա պատերազմի վերսկսումը, քանզի Ռուսաստանի շահերից է բխում, որպեսզի այստեղ` Հայաստանում, կայունություն լինի և իրավիճակը կանխատեսելի լինի: «Այդ իսկ պատճառով, որքան կարողանա նա, իսկապես, խոչընդոտելու է պատերազմի վերսկսումը, բայց ասել, որ զենք վաճառելով են դա անում, դա տրամաբանական չէ: Ընդհանրապես, իրենք ավելի անկեղծ կլինեն, եթե որպես պատասխան ասեն այն, ինչը նախկինում` մինչև ապրիլյան պատերազմն էին ասում, որ դա ընդամենը բիզնես է և բիզնես շահերով են առաջնորդվում, այլ ոչ թե անվտանգության կամ այլ հարցերով: Իհարկե, այդպես ասելն ավելի հասկանալի և ընդունելի կլիներ, քան որ ասում են` զենք վաճառելով զսպում ենք Ադրբեջանի ակտիվությունը»,- եզրափակեց Մելիք-Շահնազարյանը:

3120 | 1
Facebook