Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ի՞նչ նպատակ է հետապնդում Կիսելյովի և Սոլովյովի այցը Հայաստան. Արա Պապյանի դիտարկումները

18:05, երեքշաբթի, 07 մարտի, 2017 թ.
Ի՞նչ նպատակ է հետապնդում Կիսելյովի և Սոլովյովի այցը Հայաստան. Արա Պապյանի դիտարկումները

Երեկ լրագրողների հետ են հանդիպել «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովն ու հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը: Նրանց այցը թեև կապված է Գրիբոյեդով ակումբի հերթական նիստի հետ, սակայն, կարծիքներ կան, որ այդ մարդկանց այստեղ գտնվելը պատահական չէ, և Մոսկվայի կողմից հատուկ առաքելությամբ են ուղարկված:
    
Այս թեմայի շրջանակում MAMUL.am-ը զրուցել է քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:
    
    
- Պարոն Պապյան, ըստ Ձեզ` իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Կիսելյովի և Սոլովյովի այցը Հայաստան:
    
    
- Գրիբոյեդով ակումբի գործունեությունը միշտ էլ մի նպատակ է ունեցել` հայ հասարակության մեջ փորձել տրամադրություններ առաջացնել առ այն, որ ինչ-որ անում է Ռուսաստանը և ինչը դատապարտվում է ՀՀ հասարակության կողմից, միևնույն է, արվում է հանուն Հայաստանի և հանուն հայ-ռուսական բարեկամության: Ակնհայտ է, որ ռուսները զգում են, որ իրենց գործունեությունը հասարակության մեջ բացասական վերաբերմունք է ձևավորում Ռուսաստանի նկատմամբ: Այն, որ իրենք ասում են Հայաստանում ինչ-որ ուժեր հակառուսական տրամադրություններ են ստեղծում, դա սուտ է: Այդ «ինչ-որ ուժերը» դա մի ուժ է, ինքը` Ռուսաստանն է, որն իր գործունեությամբ նման տրամադրություններ է ստեղծում. այսինքն` տրամադրությունները պարապ տեղը չեն լինում: Հանդիպման ընթացքում, բնականաբար, իրենք անդրադարձան այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին է զենքի վաճառքն Ադրբեջանին, ինչը ոչ միայն հակահայկական գործունեություն է, այլ թշնամանք Հայաստանի ղեմ:
    
     - Նրանք մի շարք արտահայտություններ արեցին երեկ, օրինակ Սոլովյովն ասաց, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա դա կանի Ամերիկան: Ի՞նչ կասեք այս մասին:
    
    
- Նախ` Ամերիկան դա չի անի, որովհետև Ամերիկայում զենքի վաճառքը չի որոշում փոխվարչապետը, ինչպես որ, այս պարագայում, Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, կամ ինչ-որ ընկերություններ` փող աշխատելու համար: Դա այդպես չէ: Գոյություն ունի 907-րդ բանաձևը, որով արգելվում է Ամերիկային` Լեռնային Ղարաբաղում, որպես կոնֆլիկտի գոտի, զենք վաճառել: Ճիշտ է` 2004-ից գործում է այն և կա շրջանցելու հնարավորություն նախագահի կողմից, բայց դա լուրջ պրոցես է, և մենք տեսնում ենք, որ միևնույն է, դեռևս ոչինչ չի հանգեցրել նրան, որ ԱՄՆ-ն զենք վաճառի Ադրբեջանին: Այսինքն` դա հնարավոր չէ առաջին հերթին իրավական խոչընդոտների պատճառով: Մյուսը` Միացյալ Նահանգները մեր ռազմավարական դաշնակիցը չեն, հետևաբար, եթե անգամ Ամերիկան վաճառի, թող վաճառի, բայց մեր ռազմավարական դաշնակիցն իրավունք չունի վաճառելու: Խոսքը սրա մասին է: Այստեղ մեծ տարբերություն կա. այն քարը, որով խփում են իմ գլխին, իմ հակառակորդը պարզապես գետնի՞ց է վերցնում, թե՞ իմ եղբայրն է դնում իմ հակառակորդի ձեռքում: Ես չեմ ուզում, որ իմ ռազմավարական դաշնակիցը զենք տա իմ թշնամուն, որի պատճառով էլ իմ քաղաքացիները սպանվեն, նման բան աշխարհի պատմության մեջ չկա: Ես ուզում եմ հիշեցնել, որ մոտավորապես տարիուկես առաջ, երբ Բելառուսը Ուկրաինային վաճառեց ռազմական բեռնատարներ, ինքը` Ռուսաստանը, հսկայական աղմուկ բարձրացրեց դրա շուրջ, թե ինչու է դրանք վաճառում, քանզի դա կարող է օգտագործվել ուկրաինական բանակի կողմից: Դրանք ընդամենը բեռնատարներ էին, կրակ չէին արձակում, հրթիռներ էլ չէին, այսինքն` վտանգ չէին ներկայացնում, բայց ռուսները մեծ բողոք բարձրացրեցին դրա շուրջ: Ինչու նրանք այդ ժամանակ չմտածեցին, որ բեռնատարը բեռնատար է` Բելառուսից չառնի, ուրիշ տեղից կառնի: Երրորդ պատճառն էլ այն է, որ զենքի գների մեջ էական տարբերություն կա` արտասահմանյանի և ռուսականի: Այսինքն` գնելով Ռուսաստանից, Ադրբեջանը մի քանի անգամ ավելի զենք է գնում, քան կարող էր նույն գումարով գնել Միացյալ Նահագներից, ինչն էական է:
    
     - Կիսելյովը նաև կարծիք է հայտնել, որ ռուսերենի կարգավիճակը ՀՀ-ում պետք է փոխվի. «Առանց դրա Հայաստանի վիճակը չեմ պատկերացնում, հատկապես որ նա ռազմավարական նշանակություն ունի», ասել է նա: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:
    
    
- Ոչ, չեմ կիսում: Ես կհամաձայնեի միայն մի դեպքում, երբ որ նույնպիսի կարգավիճակ տրվի հայոց լեզվին Ռուսաստանում: Առավել ևս, եթե մենք նայում ենք տոկոսային հարաբերությամբ, այսինքն` բնակչության թվի համեմատությամբ, թե ինչքան հայ է ապրում Ռուսաստանում, և ինչքան ռուս` Հայաստանում, տեսնում ենք, որ Ռուսաստանում ապրող հայերի տոկոսն ավելի բարձր է: Հետևաբար, այս տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանում հայերենին պետք է տրվի կարգավիճակ, որից հետո կարելի է մտածել Հայաստանում ռուսերենին փոխադարձաբար կարգավիճակ տալու մասին: Սա` մեկ, երկրորդը` մեր հանրակրթական դպրոցներում ռուսերենը դասավանդվում է հենց առաջին դասարանից: Այնպես որ, առանց կարգավիճակի էլ այդ բանը կա, ի տարբերություն նրան, որ Ռուսաստանում հայերենը ռուսական դպրոցներում չի դասավանդվում: Ավելին ասեմ` լուրջ խոչընդոտներ են ստեղծվում անգամ այն դպրոցներում, որտեղ ինչ-որ ֆակուլտատիվ ձևով փորձում են հայերեն դասավանդել: Եթե խոսքը գնում է նրա մասին, որ պետք է ռուսերեն իմանալ, որպեսզի դա օգտագործել, ես կարծում եմ` այն մարդիկ, որոնց դա պետք է, սովորում են այդ լեզուն, իսկ ում պետք չի, չի սովորում: Եթե խոսքը միջազգային, մշակութային և հատկապես գիտական տեղեկատվությունը մատչելի դարձնելու համար է, ապա, ես կարծում եմ, անգլերենն ավելի շատ մատչելի է:
    
     - Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Ռուսաստան: Մի շարք աղբյուրներ նշում են, որ Մոսկվան, հնարավոր է, Երևանին առաջարկի Գյումրիի ռուսական բազայի գործառույթներն ընդլայնել տարածաշրջանային մակարդակի: Կարող եք պարզեցնել` ի՞նչ է սա իրենից ենթադրում:
    
    
- Տարածաշրջանային ասելն այնքան էլ հասկանալի չէ: Որովհետև, եթե խոսքը գնում է այնպիսի զենքերի տեղակայմանը, որոնք կարող են տարածաշրջանային նշանակություն ունենալ, արդյոք Ռուսաստանը դա տեղակայո՞ւմ է: Մնացածը պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու: Մի բան պարզ է, որ վերջերս ռուսական բազայի լիազորությունների և պատասխանատվությունների մեջ մտան ՀՀ բոլոր սահմանները, թեև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները: Օրինակ, գնդակոծվում է Հայաստանի սահմանը, Տավուշի մարզը, Ռուսաստանը որևէ քաղաքական և դիվանագիտական միջամտություն չի ցուցաբերում, ինչը պարտավոր է անել ըստ պայմանագրի:
     Ուստի, ես այդ այցն ավելի շատ կապում եմ առաջիկա ընտրությունների հետ, ինչպես նաև` Սոլովյովի և Կիսիլյովի այցն եմ դրանով պայմանավորում:


     - Ի՞նչ նկատի ունեք:
    
    
- Այսինքն, իրենք ուզում են Ռուսաստանի կարևորությունն ընդգծել, որպեսզի ռուսամետ ուժերը խորհրդարանում ավելի շատ ձայն հավաքեն: Սոլովյովի այն հայտարարությունը, թե պատկերացնո՞ւմ եք, որ ռուսական բազան չլիներ` ինչ կլիներ Հայաստանի վիճակը, որպես սպառնալիք, արդեն բավական է:
     Սովետական պրոպագանդան է որոշում նորից, Ռուսաստանը նորից իր ազդեցությունն է պահում Հայաստանի դեմ, թե եթե Ռուսաստանը չլինի, վաղը Թուրքիան կհարձակվի մեզ վրա: Կներեք, փոքր Թուրքիան` Ադրբեջանը, այսպես թե այնպես էլի հարձակվում է մեզ վրա: Եվ ինքը, որպես անվտանգության երաշխավոր, ի՞նչ է անում: Ես, օրինակ, վիրավորվեցի, որ ասաց, թե Ղարաբաղի հարցում էլ է Ռուսաստանը զսպող դեր կատարում: Այսինքն` զենքը վաճառում ենք, բայց վերահսկում` Ադրբեջանին: Կներեք, բայց զսպող դեր կատարում են այն երիտասարդները, որոնք երկու-երեք օրը մեկ զոհվում են: Իսկ Ռուսաստանը հրահրում է զենք վաճառելով: Եթե չլիներ ռուսական մեծաքանակ, 22 մլրդ դոլարի զենքը, որը վաճառել է Ադրբեջանին ( նվիրածների մասին դեռ չեմ խոսում), եթե այդ զենքը չլիներ, հաստատ մենք 2016-ի ապրիլին այդքան զոհեր չէինք ունենա, որովհետև Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել մեզ վրա:

22576 | 5
Facebook