Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված». Անդրիաս Ղուկասյան

13:10, շաբաթ, 04 մարտի, 2017 թ.
«Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված». Անդրիաս Ղուկասյան

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին

Հարգելի միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներ,

Գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։

Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, և այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։ Արդյունքում, չնայած նրան, որ Հայաստանից ամեն տարի արտագաղթում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ընտրական ցուցակները մնում են անփոփոխ։

2013թ․ ես բողոքարկել եմ նախագահական ընտրությունների արդյունքները, որովհետև 576 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել էին աննախադեպ բարձր թվով ընտրողներ, որոնք գրեթե բոլորը իրենց ձայնը տվել էին իշխող կուսակցության թեկնածուին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով պաշտոնավարում է առայսօր, հայտնել էր դատարանում, որ հանձնաժողովը կասկածելի չի համարում, երբ որևէ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցում են 100% ընտրողներ և բոլորը քվեարկում են իշխանության թեկնածուի օգտին։ Դատարանը հրաժարվեց պատկան մարմիններից պահանջել տեղեկություն, թե որքան քաղաքացիներ են բացակայում այն համայնքներից, որտեղ տեղի է ունեցել ընտրողների անհավանական բարձր մասնակցություն՝ պատճառաբանելով, որ այս հարցում ճշմարտությունը պարզելու համար չկա անհրաժեշտ ժամանակ։ Ընտրություններից հետո, մի քանի ամիս անց, լրագրող Թաթուլ Հակոբյանը այցելել է այդպիսի համայնքներից մեկը և պարզել, որ 100-ից ավելի գրանցված բնակիչներից, իրականում, տեղում ապրում են միայն 8-ը։

Այդ հրապարակումը չբերեց որևէ հետևանքների, և այսօր ընտրողների հրապարակված ցուցակներում դարձյալ տեսնում ենք, որ ընտրողների թիվը ոչ թե պակասում, այլ շարունակում է աճել։

Հուսով եմ, որ ընտրական ցուցակներին վերաբերող այս դիտողութունը տեղ կգտնի ձեր զեկույցում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բացակայում է պետությանը որևէ իրավական եղանակ պարտադրելու պրակտիկան՝ պատշաճ վարել Հայաստանում բնակվող քաղաքացիների հաշվառումը և ընտրողների մասնակիցների ցուցակները։

Հարգանքով՝

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

4 մարտի, 2017թ․

4687 | 1
Facebook