Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դիմումը: Դրանից հետո հայազգի պատգամավորը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
«Երանի թե այդ խնդիրը լուծած լիներ իմ երկրի դատարանը: Եթե դատարանը ժողովրդավարությանը հարվածող այդ որոշումը վերացնելու մասին վճիռ կայացներ, այսպես չէր լինի: Տվյալ պարագայում դիմելու եմ ՄԻԵԴ»,- ասել է Փայլանը:
Հիշեցնենք, որ Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» ու ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» եզրից: Փայլանը հրաժարվել էր դա անել և նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում է կայացվել, բացի այդ, նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:
Փայլանը դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան` կատարվածը որակելով որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը փետրվարի 27-ին մերժել էր Փայլանի դիմումը: