«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը դադարեցրել է ի պաշտպանություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի սկսած հացադուլը: Արայիկ Խանդոյանն իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել «Հաց բերողին»: «Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք: Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին: Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- գրված է կոչի մեջ:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ի զորակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը: Տեղեկացնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել
փետրվարի 10-ից: