Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զեյնաբ Խանլարովային Կոմկուսի կամքով է Հայաստանի ԽՍՀ կոչում շնորհվել. զրկելու հարցում Մշակույթի նախարարությունը սխալ հասցեատեր է

16:05, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Զեյնաբ Խանլարովային Կոմկուսի կամքով է Հայաստանի ԽՍՀ կոչում շնորհվել. զրկելու հարցում Մշակույթի նախարարությունը սխալ հասցեատեր է

Արցախի շփման գծում վերջին լարվածության առիթով Ադրբեջանի խորհրադարանի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, նաև Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Զեյնաբ Խանլարովան կոչով հանդես եկավ` հորդորելով հայրենի պատգամավորներին` վերադարձնել «իրենց» հողերը. «Ինչի՞ն ենք սպասում: Մեր հողերն օկուպացվել են և մինչև հիմա մենք մարդկային կորուստներ ենք կրում…: Ես արդեն 25-30 տարի Միլի Մեջլիսի պատգամավոր եմ, իսկ մենք խոսելուց բացի ոչինչ չենք անում։ Կա այսպիսի խոսք` «Ջրաղացը աղում է, ջրաղացքարը գլուխ է ցավացնում»։ Ո՞ւմ ենք սպասում, այսպես թե այնպես ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են»,- ասել է Զեյնաբ Խանլարովան` քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը. «Մ՞իթե մենք պետք է թույլատրություն վերցնենք որևէ մեկից, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները։ Եթե հարձակվել են իմ տան վրա, ապա որքա՞ն պետք է ես լռեմ։ Այո, ես խաղաղասեր մարդ եմ, չէի ցանկանա պատերազմ։ Սակայն մենք պետք է վերադարձնենք մեր հողերը»։
    
Համացանցում հասարակական և քաղաքական գործիչներն արագ արձագանքեցին սույն հայտարարությանը` տարբեր գնահատականներ տալով ադրբեջանցի պատգամավորի կոչին:
     Քաղաքագետ Գագիկ Համբարյանն` անդրադառնալով թեմային, նշել է, որ Զեյնաբ խանումն իսկական թուրք է` «կեղծավոր և ստոր» և երբեք չի թաքցրել իր հայատյացությունը: «Զեյնաբ Խանլարովան միացավ Մարտիրոսօղլուին: Խորհրդային միության գլխավոր կլկլացնող Զեյնաբ Խանլարովան այսօր տեղեկացրել է, որ նա ևս միանում է ադրբեջանցիների և իրենց հայեր ներկայացնողների ստեղծած ինչ-որ խաղաղության հարթակին և ցավ է ապրում, որ հայ և ադրբեջանցի աճող սերունդներն իրար մասին կարծիք են ստեղծում պատերազմի համատեքստում...»:
    
ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը նույնպես անդրադարձել է Զեյնաբ Խանլարովայի կոչին` այն որակելով «վանդալիզմ»: «Ավելի անմարդկային կոչ երբևէ չեմ լսել։ Ակնհայտ է, որ տիկինը չի տիրապետում սահմանում կատարվող իրադարձությունների իրական պատկերին…։ Թող չհարձակվեն, դիվերսիաների ողորմելի փորձեր չանեն, զոհ չեն ունենա…։ Շատերի սիրտն իր երգով հուզած Զեյնաբը, փաստորեն, սիրտ չունի, եթե իր թոռների տարիքի էրեխեքին պարտության դատապարտող, հայի հետ պատերազմելու կոչ է անում»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է Շ. Պետրոսյանը։
     ՀՀ մշակույթի նախարարությունից MAMUL.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե Մշակույթի նախարարությունն ինչպե՞ս է վերաբերվում Խանլարովայի հակահայ կոչերին և արդյոք հնարավո՞ր է վերջինին զրկել Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումից:
     Նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանի խոսքով` Զեյնաբ Խանլարովային Կոմկուսի կամքով է Հայաստանի ԽՍՀ կոչում շնորհվել. «Այն ժամանակվա միակ կուսակցության՝ Կոմկուսի կամքով է դա եղել։ Հայաստանի Հանրապետությունում նման մրցանակներ շնորհում է հանրապետության նախագահը։ Մշակույթի նախարարությունն այս հարցի համար սխալ հասցեատեր է, և կարծում եմ, անկախ Հայաստանի ցանկացած մարմին և գերատեսչություն նույնպես»,- պատասխանեց Ռ. Խաչատրյանը։

5645 | 3
Facebook