Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այո´, կա վտանգ. պետք է ավելի զգոն լինել». Սերգեյ Մինասյանը` սահմանային լարվածության մասին

15:25, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Այո´, կա վտանգ. պետք է ավելի զգոն լինել». Սերգեյ Մինասյանը` սահմանային լարվածության մասին

MAMUL.am-ի զրուցակիցն է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
    
    
- Պարոն Մինասյան, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե իբր հայկական կողմն Արցախում լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում: Նրանց կողմից սահմանին զորքերի կուտակումն, ըստ Ձեզ, ի՞նչ է ենթադրում:
    
    
- Սա այն հացն է, որը ստույգ հաստատել կամ հերքել հնարավոր չէ: Նույնիսկ, եթե կողմերը կուտակում են մեծ քանակով զորքեր, զինտեխնիկա և այլն, դա չի նշանակում, որ անպայման պետք է տեղի ունենա հարձակում, նաև կարելի է ասել, որ չի բացառվում...: Համենայնդեպս, մենք տեսնում ենք վտանգավոր միջադեպերի, էսկալացիաների ավելացում և կուտակումներ, իսկ քարոզչական արդարացումները կամ մեղքը մյուս կողմի վրա գցելը, երկորդական է: Այստեղ կարևորը, թե արդյոք քաղաքական որոշում կընդունի՞ Ադրբեջանը հարաբերությունների և գործողությունների սրման և արդյոք հայկական կողմը պատրաստ կլինի՞ այդ քայլին:
    
     - Այնուամենյանիվ, վերջին շրջանում սահմանային լարվածությունը կարծես աճում է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
    
    
- Նորություն չէ: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձում է լարվածություն ստեղծել. մի կողմից ցույց տալով, որ ինքը որևէ ձևով համաձայն չէ այդ ստատուս քվոյի հետ, իրավիճակի հետ չի մերվել, մյուս կողմից` նախապատրաստելով դաշտ, որ եթե հնարավորություն լինի, նպաստավոր պայամաններ լինեն, փորձի անցած տարվա ապրիլի պես ցածր կամ միջին մակարդակի էսկալացիաներ ստեղծել:
    
     - Վիգեն Սարգսյանը «Ռիա նովոստիին» տված հարցազրույցում ասաց, որ «Իսկանդեր» կիրառելու որոշումը սերտորեն կապված կլինի իրադրության զարգացման հետ»։ Կարելի՞ է դա հասկանալ այսպես` «Իսկանդերներ»-ը գործի կդրվեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս փուլում նման հարցի բարձրացումն ինչի մասին է խոսում:
    
    
- Հնարավոր է` հակառակորդին զսպման մեխանիզմներից մեկն է դա: Այո´, կա վտանգ. այդպիսով նա փորձել է ինչ-որ ձևով նախապատրաստել, զգուշացնել, որ հարկ եղած դեպքում գնալու են իսկանդերային կամ այլ միջոցների կիրառման. ամեն դեպքում, պետք է ավելի զգոն լինել:
    
     - Եթե իսկապես անհրաժեշտություն լինի, արդյոք Ռուսաստանը թույլ կտա՞ գործի դնել «Իսկանդերներ»-ը, ի՞նչ եք կարծում։
    
    
- Դրանք հայկական զինատեսակներն են և այդ ինֆորմացիայի մասին բազմիցս նշվել է: Եթե արդեն կես տարի անց Պաշտպանության նախարարը հերթական անգամ նշում է, որ դրանք Հայաստանի զինատեսակներ են, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը: Ռուսաստանը, որպես գերտերություն, կարող է ազդել բոլոր հարցերի վրա, բայց կոնկրետ որոշումն ընդունում է Հայաստանը:
    
     - Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին, ինչը նշանակում է, որ բանակցությունների գործընթացը շարունակվում է` անկախ նրանից` օգուտ կա՞ թե ոչ, իմաստ ո՞ւնի, ընդհանարպես, թե՞ ոչ: Սակայն, եթե հիշում եք` ապրիլյան դեպքերից հետո, Սերժ Սարգսյանն ասում էր, որ մինչև չվերականգնվի նախաապրիլյան իրավիճակը, մինչև հետաքննության մեխանիզմներ չտեղադրվեն և այլն, չենք գնա բանակցությունների:
    
    
- Եթե բանակցություններ չլինեն, ռազմական գործողությունները, հավատացեք, ավելանալու են: Արդյոք արժի՞ բանակցություններ չվարել, եթե նույնիսկ շատ լավ հասկանում ես, որ դրանք ոչ մի բան չեն տալու, թե՞ լավ է` պարզապես բանակցությունները վերջնականապես փակել և սպասել, որ ուշ թե շուտ լարվածության հավանականությունն ավելանալու է:
    
     - Հետաքննության մեխանիզմներ էլ չտեղադրվեցին փաստորեն…
    
    
- Ադրբեջանը դա չի ուզում, քաղաքականությունը դա հնարավորությունների արվեստ է: Եթե Ադրբեջանը դրա հետ չի համաձայնվում, արդյոք մենք դրանից պիտի նեղանա՞նք և որևէ ձևով դուրս գանք ռազմական գործողությունների՞, թե բանակցություններ վարենք: Իսկ բանակցությունների գործընթացը, առաջին հերթին, մեր շահերից է բխում և ոչ թե Ադրբեջանի:

4661 | 1
Facebook