Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖՖ-ն որակազրկել է «Գանձասար-Կապան»-ի մարզադաշտը

14:40, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
ՀՖՖ-ն որակազրկել է «Գանձասար-Կապան»-ի մարզադաշտը

Մարտի 4-ին վերսկսվող Հայաստանի Բարձրագույն խմբի 2016/17 թթ. մրցաշրջանի առաջնությանն ընդառաջ ՀՖՖ-ն հայտարարել է, «Գանձասար-Կապան»-ի մարզադաշտի որակազրկման մասին։ Մասնավորապես նշվում է, որ նոյեմբերին որոշում է կայացվել որակազրկել Կապանի մարզադաշտը 2016/17 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի համար և մինչև հայտնաբերված թերությունների շտկումը։

«Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտը վերապահումով էր հաստատվել և ակումբին հնարավորություն էր տրվել շտկել առկա թերությունները։ Սակայն մինչև ներկա մրցաշրջանի մեկնարկը կատարված ստուգումը կրկին հայտնաբերել էր այդ նույն թերությունները։ Դրանք այնպիսի քանակի և տեսակի թերություններ էին, որ ակումբը կամ մարզադաշտի ղեկավարությունը չէին կարող հասցնել շտկել դրանք մինչև առաջնության մեկնարկը։ Այդ պատճառով ՀՖՖ-ն ակումբի և մարզադաշտի համար սահմանել էր ավելի երկար վերջնաժամկետ՝ մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը այդ թերությունները շտկելու համար։ Այդ թերությունները վերաբերում էին ինչպես խաղադաշտին, այնպես էլ հանդերձարաններին, երկրպագուների և լրագրողների համար նախատեսված նստատեղերին, սանիտարական պայմաններին։ Մասնավորապես, խաղադաշտի անհամաչափությունը, անհարթությունը, որոշակի տեղերում նույնիսկ խոտածածկի իսպառ բացակայությունը, նախավարժանքի համար նախատեսված տարածքի վատթար վիճակը և խաղադաշտի երկայնքով առկա մետաղյա բաց խողովակները մեծ վտանգ են ներկայացնում ֆուտբոլիստների համար։ Մարզադաշտի տրիբունան ապահովված չէ համարակալված, անհատական և թիկնակով նստատեղերով։ Մարզադաշտում չկա որևէ հարմարություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Չկան նրանց համար հատկացված առանձին տեղեր։ Կանոնակարգին բացարձակապես չեն համապատասխանում մարզադաշտի հանդերձարանները։ Մասնավորապես, դրանք բավական փոքր են և չեն բավարարում ֆուտբոլիստների նվազագույն քանակի համար։ Թե ֆուտբոլիստների, թե մրցավարների հանդերձարանները ապահովված չեն ցնցուղներով, զուգարանով և մերսման սեղաններով։ Առկա սակավաթիվ ցնցուղները, զուգարանները և մերսման երկու սեղանները գտնվում են հանդերձարաններից դուրս և ընդհանուր են երկու թիմերի ու մրցավարների համար։ Այս հանգամանքն անընդունելի է ինչպես կանոնակարգային դրույթների, այնպես էլ անվտանգության նորմերի ապահովման տեսանկյունից։ Ընդ որում, պետք է նշել, որ զուգարաններն առանց զուգարանակոնքի են, իսկ սանիտարական նորմերը թե զուգարաններում, թե առհասարակ հանդերձարաններում որևէ կերպ ապահովված չեն։ Մարզադաշտում առկա պատվավոր հյուրերի օթյակը ուղղակի ժամանակավոր և իրենից վտանգ ներկայացնող կառույց է, որտեղ բարձրանալու համար անհրաժեշտ է անցնել տեխնիկական գոտով, ինչը անընդունելի է կանոնակարգային բոլոր նորմերով, իսկ օթյակ տանող աստիճանները բավական վտանգավոր են։ Ինչևէ, սահմանված վերջնաժամկետի շրջանակներում ակումբը և մարզադաշտը չեն կարողացել շտկել թերությունները և անգամ քայլեր չեն ձեռնարկվել այդ թերությունների շտկման ուղղությամբ։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Կապանի մարզադաշտը նախորդ երկու մրցաշրջանների համար նույնպես վերապահումով էր հաստատվել նույն թերությունների պատճառով, ՀՖՖ-ն նոյեմբերին որոշում կայացրեց որակազրկել Կապանի մարզադաշտը 2016/17 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի համար և մինչև հայտնաբերված թերությունների շտկումը»,- նշել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը։

2454 | 0
Facebook