Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանրամասներին դեռ ծանոթ չենք, երբ ծանոթանանք, նոր քայլեր կձեռնարկենք». Ռուբեն Թադևոսյանը` ՀՀԿ-ականների բախման մասին

14:45, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Մանրամասներին դեռ ծանոթ չենք, երբ ծանոթանանք, նոր քայլեր կձեռնարկենք». Ռուբեն Թադևոսյանը` ՀՀԿ-ականների բախման մասին
     Արարատի մարզի Մասիս քաղաքում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել ՀՀԿ-ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև։ Բախման պատճառն այն է, որ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն՝ Ավշարի Արայիկը, ով ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության մեկ այլ թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Մուրադյանին. նրա ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
     Մուրադ Մուրադյանը բախման մասին լուրը չի հերքել,
     իսկ դիտարկմանը, թե այսինքն` Արայիկ Գրիգորյանի հետ հակասություններ կա՞ն, Մուրադ Մուրադյանն արձագանքել է. «Պարոն Գրիգորյանի հետ էս մեկուկես ամիս է` հակասություններ կան, սկսվել են՝ ընտրությունների հետ կապված»:
     MAMUL.am-ի թղթակիցը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից փորձեց դեպքի մասին պարզաբանում ստանալ. «Մենք դեպքի հետ կապված որևէ տեղեկություն չունենք, այսօր նոր ենք իմացել և այս պահին ուսումնասիրություններ ենք կատարում: Մանրամասներին դեռ ծանոթ չենք, երբ ծանոթանանք, նոր քայլեր կձեռնարկենք»:
     ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է. «Պայքարը ոչ միայն քաղաքական ուժերի մեջ է, այլ նաև` ներկուսակցական: Նման դեպքեր կարող են լինել: Մի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորը պայքարում են և այդտեղ որևէ բան չի բացառվում»:
4200 | 0
Facebook