Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունների ընթացքին անհամատեղելի է «Հաց բերողի» մասնակի ազատությունը». Հրանուշ Խառատյան

11:05, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
«Իշխանությունների ընթացքին անհամատեղելի է «Հաց բերողի» մասնակի ազատությունը». Հրանուշ Խառատյան
     Արթուր Սարգսյանն այն հազվագյուտ դեմքերից է, ով իր կենդանության շրջանում առասպել է դարձել: «Հաց բերող» կերպարը երկար կթևածի հայերենում: Բայց «Հաց բերող» մարդն այս պահին ձերբակալված մարդ է, ով բանտում մահվան դեմ կռիվ է տալիս կյանքի գնով: Նրա խափանման միջոցը տարօրինակ թվացող ձերբակալությամբ փոխարինելը հանրությանն անհայտ պատճառներ ունի, իսկ տրամաբանական պատճառը, թվում է, այն է, որ իշխանությունների ընթացքին անհամատեղելի է համեստ «Հաց բերող» կերպարի մասնակի ազատությունը: Ինչպե՞ս կարող է «Հաց բերողն» ազատ շփվել, գրել, նոր ինքնազոհաբերական քայլեր անել և անընդհատ հաստատել իր կերպարի փաստացի լինելությունը մի հասարակությունում, որին անընդհատ ներշնչվում է, որ հասարակության միակ շարժիչը մասնավոր շահն է: Դա իշխանության առկա արժեքների հիմքերի լուրջ սասանում է: Արթուր Սարգսյանը տվյալ դեպքում այն մարդն է, ում սովորական մարդասիրական պարզ արարքը՝ ինքն իրեն վտանգի ենթարկելով մերձավորին օգնության հասնելը, դեպքերի բերումով հանրահայտ դառնալով, հանրահայտ դարձրեց նաև մարդկային պարզ, սովորական, բարոյական զգացմունքների առկայությունը և այդ զգացմունքները գործողությունների վերածելու վճռականությունը: Մարդը ոչ մի քաղաքական հավակնություն, նյութական ակնկալիք չունի, նույնիսկ բարոյական արժեքների քարոզչությամբ չի զբաղվում, պարզապես ապրում է ինքն իր սկզբունքներով, սկզբունքներ, որոնք ցանկացած մշակույթում, քաղաքակրթությունում, կրոնական համակարգում համարվում են պարզ առաքինությունից ավել և հերոսացվում են՝ եթե նկատվում են: Արթուր Սարգսյանը «նկատվեց», և դա տագնապներ է առաջացնում. իսկ եթե նա միակը չի՞, իսկ եթե էլի՞ կան... Որքա՜ն ջանքեր են գործադրվել դրանք/դրանց վերացնելու, հնազանդեցնելու, և ահա ինչ որ անհայտ Արթուր Սարգսյան ձեռնոց է նետել՝ առանց խոսքերի, պարզ արարքով հաստատելով՝ կա, կան... Գոնե պատանի լիներ՝ դրանով բացատրեին: Բայց ոչ, հասուն մարդ է, կյանքի փորձ ունի, դառնություններ շատ է տեսել, գիտի վտանգը... : Հիմա ինչպե՞ս ասեն՝ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ իշխանությունն է: Արթուր Սարգսյանը պիտի վերանա, որպեսզի «հասարակության միակ շարժիչը մասնավոր շահն է» արժեքը հաղթի: Եվ մենք բոլորս Պիղատոսի նման ձեռքներս լվանում ենք իշխանության այս կարծր հանգույցը քանդելուց, ես էլ, դու էլ, նա էլ...
2406 | 0
Facebook