Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Սեյրան Օհանյանի՝ վարձով շքեղ առանձնատան և դրա արժեքի մասին

20:25, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Նոր մանրամասներ՝ Սեյրան Օհանյանի՝ վարձով շքեղ առանձնատան և դրա արժեքի մասին

Վերջին շրջանում աշխուժորեն քննարկվում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վարձով ապրելու հանգամանքը: Այն ավելի թեժացավ, երբ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պաշտոնանկ եղած նախարարը հիշեցրել էր, որ Վահագնի թաղամասում ինքը վարձով է ապրում: Իսկ այն լուրերը, թե նա վաճառել է նույն թաղամասում գտնվող իր կիսակառույց առանձնատունը, հերքվել են Վահագնի թաղամասի վարչական աշխատակցի կողմից: Հարցին, թե վաճառվե՞լ է արդյոք Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը, վերջինը բացասական պատասխան է տվել:

Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը
Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը

     Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների, Վահագնի թաղամասում Սեյրան Օհանյանին ժամանակին հողակտոր է նվիրել լուսահոգի Վահագն Հովնանյանը: Այդ մասին, ի դեպ, օրեր առաջ, լրագրողների հետ հանդիպմանը վկայել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` նշելով, որ ինքն այդ մասին իմացել է հենց Հովնանյանից, ով ուզել է նվեր անել Օհանյանին` գնահատելու համար նրա ծառայությունը:
     Այսպես, վերադառնալով Ս. Օհանյանի վարձով ապրելու թեմային, նշենք, որ վերոնշյալ թաղամասում բնակարանների վարձավճարի տարբեր չափեր են շրջանառվում մամուլում` ամսական 3000-ից մինչև 4000 ԱՄՆ դոլար, ինչը, համաձայնեք, 1 ամսվա համար, փոքր գումար չէ:
Սեյրան Օհանյանի առանձնատունը
Սեյրան Օհանյանի առանձնատունը

     Ստացվում է, որ պաշտպանության նախկին նախարարի համար ավելի ձեռնտու է եղել ամսական վճարել 4000 դոլար և ապրել վարձով, քան թե 1 տարվա ընթացքում, ի մի բերելով այդ ամիսների ընդհանուր գումարը, գնել իր սրտի ուզած բնակարանը` ցանկացած վայրում, ինչն, անշուշտ, ավելի մատչելի կլիներ: Ստացվում է, վերջինի հնարավորություններն անսպառ են և բացարձակ անտեղի նրա և մերձավորների խղճահարություն արթնացնող հայտարարություններն առ այն, թե «խեղճ մարդը վարձով է ապրում»: Այս համատեքստում հավելենք, որ երբ Օհանյանի զինակից ընկեր Արթուր Ալեքսանյանից (Ամարասի Արթուր) լրագրողները փորձել են ճշտել, թե որտեղ է բնակվում Ս. Օհանյանը, վերջինն ասել է. «Սեյրան Օհանյանն ինքը տուն չունի, հողամաս չունի, իրա վրա ոչ մի բան չկա, ինքը վարձով ապրում է էնտեղ: Էդ, ինչ որ կա, ուրիշինն է, ուղղակի չգիտեմ ինչի են դա վերագրում իրեն…»:
     Տպավորությունն այլ կլիներ, եթե վերջինը վարձակալության հիմունքներով բնակվեր ոչ թե Վահագնի թաղամասում, որը ոչ բոլոր մարդկանց է հասու իր աստղաբաշխական թվերով, այլ, ասենք օրինակ` Սարի թաղում, Շենգավիթում, Մալաթիայում, թեկուզև Երևանի կենտրոնում:
     Թեմայի շրջանակում MAMUL.am-ն էլ իր հերթին է ուսումնասիրություն անցկացրել և որոշ բացահայտումներ արել:
     Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող բրոքեր Վաչիկ Մնացականյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Վահագնի թաղամասը հայտնի է որպես մեծահարուստների թաղամաս և ոչ բոլորը կարող են այնտեղ բնակարան, առավել ևս առանձնատուն վարձակալել. «Հազվադեպ է գործարքը հաջողվում: Իմ պրակտիկայում չեմ հիշում նման դեպք: Բայց այո, տեղյակ եմ, որ շատ բարձր են գներն այդ թաղամասում: Օրինակ, 3 սենյականոց բանակարանի վարձակալության ամսական գումարը կարող է հասնել 1000 դոլարի, նման դեպքի առնչվել եմ….: Նույնիսկ վաճառվող հողակտորներն են թանկ` 1 քառ/մ սկսվում է 65-70 դոլարից: Առանձնատների վարձակալության գները` կախված հարմարավետությունից, սենյակներից և այլն, տարբեր գներ ունեն: Օրինակ, ամենափոքր հողատարածքով առանձնատան ամսական վարձավճարը կարող է սկսվել 2500- 2700 ԱՄՆ դոլարից»,- ասաց մեր զրուցակիցը:
     Վահագնի թաղամասի մարքեթինգի գրասենյակից մեր թղթակիցը որոշ տեղեկություններ ձեռք բերեց. այսպես` վերոնշյալ թաղամասում 560 քմ. մակերեսով և 1000 քմ. տնամերձ հողատարածքով 5 սենյականոց բնակելի առանձնատան 1-ամսյա վարձակալության գինը 5. 000 ԱՄՆ դոլար է, որը վաճառվելու դեպքում կարժենա 900. 000 ԱՄՆ դոլար: 350 քմ մակերսով 4 սենյականոց առանձնատան 1 ամսվա վարձակալությունն էլ 1. 400 ԱՄՆ դոլար է:
     600 ք.մ մակերես և 1300 ք.մ հողատարածքով 6 սենյականոց առանձնատան 1-ամսվա վարձակալությունն արժե 6. 000 ԱՄՆ դոլար, իսկ վաճառքի դեպքում 850. 000 ԱՄՆ դոլար:
     Համադրելով այս ամենը, նաև համեմատելով նրա տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ներկայացրած լուսանկարները, հասկանալի է դառնում, որ Սեյրան Օհանյանը, երկար տարիներով զբաղեցնելով բարձր պաշտոն, ապրում է ոչ թե 2-3 սենյականոց, այլև թվով մի քանի անգամ գերազանցող սենյակներ ունեցող, կարճ ասած` իր պաշտոնին ու դիրքին հարիր առանձնատանը: Դրանից էլ կարելի է վստահաբար ենթադրել, որ մամուլում տեղ գտած հրապարակումները, թե Ս. Օհանյանի ընտանիքը Վահագնի թաղամասում բնակվում է 3500-4000 ԱՄՆ դոլար ամսական վարձավճարով, այնքան էլ տրամաբանական չեն և չի բացառվում, որ այն, հնարավոր է, գերազանցում է նույնիսկ 4000 ԱՄՆ դոլարը:
Նոր մանրամասներ՝ Սեյրան Օհանյանի՝ վարձով շքեղ առանձնատան և դրա արժեքի մասին
Նոր մանրամասներ՝ Սեյրան Օհանյանի՝ վարձով շքեղ առանձնատան և դրա արժեքի մասին

     Մեր թղթակիցը «շրջայց» կատարեց նաև «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» պաշտոնական էջում: Պաշտոնաթող նախարարի հայտարարագրերի ռեեստրում հրապարակված նրա եկամուտների վերաբերյալ վերջին տվյալները հետևյալն են. պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձի` Սեյրան Օհանյանի դրամական միջոցների չափը 18 միլիոն դրամ է:
Սեյրան Օհանյանի դրամական միջոցների չափը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ
Սեյրան Օհանյանի դրամական միջոցների չափը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ

     2015-ին Պնախարարի եկամուտը, ըստ հայտարարագրի, նույն է մնացել` 18 միլիոն դրամ, 2014-ին սակայն, մի փոքր նվազել է` 17, 500 մլն դրամ:
     2011-ին` նրա եկամուտը կազմել է 11,500,000 ՀՀ դրամ: Նկատենք, որ 2012-2013 թթ.-ի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ` (2012-ին` 16 մլն դրամ, 2013-ին` 14 մլն): Այստեղ ուշագրավը, թերևս, այն է, որ Ս. Օհանյանի եկամտի չափը տարեց տարի աճել է:

23206 | 17
Facebook