Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտրություններ կեղծողները սովորել են նաև ջեռուցման գազը կեղծել». Տիգրան Խզմալյան

15:40, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
«Ընտրություններ կեղծողները սովորել են նաև ջեռուցման գազը կեղծել». Տիգրան Խզմալյան
     Հայաստանը խեղդվում է կեղծված գազից.
     Օրը ցերեկով մեր ազգն անամոթաբար թալանի է ենթարկվում իր իշխանության կողմից: Ջեռուցման գինը ուռճացված է ոչ միայն գազը Հայաստանին կրկնակի թանկ վաճառող Ռուսաստանի ցինիզմի ու ագահության պատճառով, այլ նաև գազի կալորիությունն արհեստական ու ապօրինի կերպով իջեցնելու՝ տեղական «արհեստավարժների» ջանքերով: Ընտրություններ կեղծողներն այժմ սովորել են նաև ջեռուցման գազը կեղծել: Մենք բոլորս գիտենք դա, այս օրերին բոլորս խոսում ենք այդ մասին տներում ու հերթերում, երբ վճարում ենք արդեն անտանելի դարձած կոմունալ ծախսերի համար: Դա խոստովանում են անգամ որոշ գազի տեսուչներն ու չեն ժխտում մասնագետները: Տեղի է ունենում աննախադեպ պետական թալան՝ պետությունն է թալանում ու հափշտակում քաղաքացիների վերջին ունեցվածքը: Մարդիկ պարտքով փող են վերցնում, որպեսզի վճարեն ջեռուցման համար ու երեխաներին փրկեն ցրտից: Ես ասացի «աննախադե՞պ»: Սխալվեցի, կներեք: Սրա նախադեպն, իհարկե, կա՝ իմ սերնդակիցները դեռ չեն մոռացել, թե ինչպես էին «անհայտացել» 90-ականներին վառելիքի 360 երկաթուղային ցիստերն, որի արդյունքում մի քանի իշխանավոր տականք դիզեցին հարստությունն, իսկ մեր զավակները «մութ ու ցուրտ» տարիների մանկություն ստացան հարազատ պետությունից: Իրականում բարձրաստիճան սրիկաները ոչ թե մազութ էին գողանում, այլ հայոց պետականությունը: Նրանք ոչ թե հոսանքն էին վաճառում «ձախ» գծերով, այլ մեր անկախությունը: Եվ այսօրվա նրանց հետևորդներն անում են նույնը, էլ ավելի ցինիկ ու հմուտ կերպով:
     90-ականների գողացած վագոնների համար ոչ ոք չդատվեց՝ ահեղ դատաստանը նրանցից շատերին այլ միջոցով պատժեց: Սակայն իրավական դաշտում նախադեպ չստեղծվեց՝ ուստի այսօր պետական թալանը շարունակվում է նույն անպատժելիությամբ: Մենք դեռևս չենք կարողացել փաստերով ապացուցել գազի մեջ լցվող օդի, բենզինի մեջ լցվող ջրի, մեր պետականության մեջ լցվող ստի ու թույնի չափն ու քանակը: Անկախ փորձաքննություն, արդար կշեռք մեր երկրում չի մնացել: Գողերը կարծում են, որ այրվող գազի ու բենզինի հետ միասին հօդս են ցնդում նրանց հանցագործության բոլոր ապացույցները: Եթե ինչ որ մեկը նրանցից հանկարծ ամաչի ու անկեղծանա` խոստովանելով կատարվող թալանը, նրան կսպանեն, ինչպես սպանեցին Ղանդիլյանին ու Յուզբաշյանին 90-ականներին: Սակայն դեռ ոչ մի նման հանցագործություն գաղտնի չի մնացել և սա էլ է բացահայտվելու: Սրանց «հանձնելու են» հենց տերերը, երբ համարեն, որ ժամանակն է եկել փոխարինել նրանց առավել հավատարիմ ստրուկներով: Առայժմ Մոսկվան քմծիծաղով դիտում է ու սպասում, ընթացքում հավաքելով մեր վճարումներն իբրև մարտավար: Չէ՞ որ գազի, լույսի, բենզինի, հեռախոսի համար մեր ծախսերի վերջնական ստացողներն են Գազպրոմը, Ռոսնեֆտը, ԵԷՍ Ռոսիի, ՄՏՍ-ը, Բիլայնը... Իսկ մենք շարունակում ենք հանդուրժել և կուլ տալ այս ամենը` կորցնելով արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի ու պետության նկատմամբ: Եվ դա է, որ սպանում է պետություն ունենալու ցանկությունը՝ մեր ստրկատերերի վերջնական նպատակն էլ հենց դա է: Մենք չունենք պետություն, քանի դեռ թույլ ենք տալիս նման խայտառակություն: Սա նոր Ցեղասապաանության, ազգի ինքնահրկիզման գազային խուց է...
4351 | 2
Facebook