Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել

11:25, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել

Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին:
    
     Հայաստան և Ադրբեջան. համեմատություն
    
     Ըստ զեկույցի՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Ընդ որում՝ Հայաստանի համեմատ Ադրբեջանը ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: Հայաստանի դեպքում ամենաշատն աչքի ընկած զենքի գնումը փոքրաթիվ 280 կմ հեռահարություն ունեցող Իսկանդերների ձեռքբերումն էր: Այս հրթիռները կարող են հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող համարյա ցանկացած կետի: Այնուհետև զեկույցը նշում է, որ Ադրբեջանը ներկրել է զենքերի ավելի լայն շարք, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և մարտական ավիացիա: Զեկույցում Ռուսաստանը նշվում է որպես զենքի կարևոր մատակարար երկու կողմերի համար էլ:
    
     Ռուսաստան և Ադրբեջան
    
     Ըստ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի՝ 2012-16 թթ. ընթացքում Ռուսաստանը զենք է վաճառել 50 երկրների և Ուկրաինայի ապստամբ ուժերին: Ռուսաստանին է բաժին ընկնում համաշխարհային զենքի արտահանման 23 տոկոսը: Ընդ որում խոշոր գնորդների ցանկը հետևյալն է՝

Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել
Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել

     Այլ կերպ ասած, Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է եզրակացնել, որ եթե Մոսկվան 2011-2016 թթ. ընթացքում համաշարհային զենքի արտահանման 23% է մատակարարել, իսկ Բաքվի մասնաբաժինը 4% է եղել, ապա ՌԴ-ն կոպիտ հաշվարկով նշված ժամանակահատվածում Ադրբեջանին մատակարարել է ողջ աշխարհում վաճառված սպառազինության մոտ մեկ տոկոսը: Զենք ու զինամթերքի նմանօրինակ խոշոր ներմուծումները Ադրբեջանի պես փոքր երկրի դեպքում իսկապես բարձր ցուցանիշ են:
     Ավելին, եթե Հայաստանը գնել է ընդհանուր առմամբ Ադրբեջանից 20 անգամ ավելի պակաս զենք, ու եթե անգամ ենթադրենք, որ ՀՀ գնած ողջ զենքը Ռուսաստանից է ներմուծվում (ինչն իհարկե իրականությանը չի համապատասխանում), ապա կստացվի, որ Հայաստանի մասնաբաժինը ռուսական զենք ու զինամթերքի արտահանումների մեջ կազմում է 0,2 տոկոսը, ինչը Ադրբեջանի 4 տոկոսի համեմատ պարզապես չնչին թիվ է:
    
     «Ստրատեգիական դաշակիցներ»
    
     Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցը հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական «ստրատեգիական դաշնակցության» առասպելին: Ուշագրավ է, որ վերոհիշյալ զեկույցի հրապարակման օրը՝ փետրվարի 20-ին ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը հրապարակել էր հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մանրամասն հարցազրույց ՀՀ արտգործնախարար ն.գ. Էդվարդ Նալբանդյանի հետ:
     Հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը ասել էր. «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում (այդ թվում և՛ Հայաստանի հետ համագործակցությամբ, և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ) տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար»: Սակայն, նմանօրինակ հայտարարություններ հայկական կողմը հազվադեպ է անում... Երևի թե կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել, թե քանի անգամ են ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը նմանօրինակ հայտարարություններ կատարել, նույնիսկ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո:
     Ավելին, Էդվարդ Նալբանդյանի վերոհիշյալ պատասխանը կարծես հատուկ այնպես ձևակերպված լինի, որ նախադասության մեջ Ադրբեջանը լինի ենթական, այլ ոչ թե Ռուսաստանը: Այլ կերպ ասած, շեշտը դրվում է նրա վրա, որ Հայաստանին դուր չի գալիս այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում և ոչ թե այն, որ ՌԴ-ն է այն վաճառում: Այնուհետև իր խոսքում գրեթե անմիջապես ՀՀ արտգործնախարարը սկսում է գովել ՌԴ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու ուղղությամբ:
     Արդ, հերթական անգամ հարց է առաջանում․ արդյո՞ք այդ ջանքերը գոնե մի քանի տոկոսով չեզոքացնում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի վնասը:
    
     Աննա Փամբուխչյան
     «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

13355 | 5
Facebook